12:52 | 12.02.16 | Հոդվածներ | exclusive 8089

Be Armenian հավելվածը թույլ կտա շնորհավորել հայերեն

Be Armenian մոբայլ հավելվածը հնարավորություն է տալիս ընտրել հայկական թեմաներով հայալեզու ֆոներ (wallpapers) եւ շնորհավորական բացիկներ (eCards)` iPhone-ի եւ iPad-ի համար:

Այն հասանելի է App Store-ում: 

Itel.am-ի հետ զրույցում հավելվածի մշակմամբ զբաղվող Zenta ընկերության հիմնադիր տնօրեն Հրանտ Դարբինյանը պատմել է, որ ցանկացել են ստեղծել հայալեզու կոնտենտ, որը կարող էր հետաքրքիր լինել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի լսարանի համար:
 
«Որոշեցինք կենտրոնանալ պարզ բաների վրա, օրինակ՝ iPhone-ի համար նախատեսված ֆոներ, որոնք կարող են հայաֆիկացված լինել: Դրան հաջորդեցին մանրանկարչության էլեմենտներով հայկական տառերը: Այսօր ունենք իլյուստրատոր մասնագետ, որը ձեռքով նկարում է քարտերը, որոնք ավելի ուշ տեղ են գտնում հավելվածի հավաքածուում»,- նշել է  Հրանտ Դարբինյանը:



Ընտրելով eCard-ը՝ կարելի է այն ուղարկել ընկերոջ էլփոստին: Հավելվածը նաեւ հնարավորություն է տալիս նույն քարտն ուղարկել միանգամից մի քանի ընկերոջ՝ կոնտակտներից ընտրելով նրանց էլփոստի հասցեները: Այն հարմարեցված է բոլոր սարքերի համար: 



Հրանտ Դարբինյանը կարեւորել է այն հանգամանքը, որ Be Armenian-ը սարքավորման վրա տեղադրում է իր պատրաստած հայերեն ստեղնաշարը, որն ակտիվանում է «կարգավորումներ» բաժնից: Այն անվճար կարելի է օգտագործել նաեւ հավելվածից դուրս:

Մոտ ապագայում հավելվածում կավելացվեն նաեւ հայերեն էմոջիներ (emojis):

Android տարբերակը մշակման փուլում է:

Հրանտ Դարբինյանը տեղեկացրել է նաեւ, որ Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ արդեն հասանելի է թեմատիկ հայալեզու էլեկտրոնային քարտերի հատուկ բաժին: 

Նարինե Դանեղյան