11:14 | 09.02.16 | Հոդվածներ | exclusive 2381

Կգործարկվի «ՀԾ-Վաճառքների Կառավարում» համակարգի նոր տարբերակը

«Հայկական Ծրագրեր» ընկերությունը մշակել է «ՀԾ-Վաճառքների Կառավարում» համակարգը, որը առեւտրային ընկերությունների վաճառքի գործընթացի ավտոմատացման համալիր ծրագիր է:

Այն հնարավորություն է տալիս արդյունավետ կազմակերպել եւ կառավարել առեւտրային կազմակերպությունների կողմից պատվերների հավաքագրման, վաճառքի եւ առաքմանգործընթացները:

Itel.am-ին «ՀԾ-Վաճառքների Կառավարում» ծրագրավորման խմբի ղեկավարՍուրեն Խաչատրյանը հայտնել է, որ համակարգը բաղկացած է 2 մասից՝ շարժական (Android հավելված) եւ գրասենյակային:

Նա նշել է, որ հավելվածն օգտագործվում է առեւտրային գործակալների (շուկայի զարգացման պատասխանատուներ, առաքիչներ) կողմից` հենց գնորդների մոտ փաստաթղթերի (պատվեր, վաճառք, վճարում եւ այլն) գրանցման, հաշվետվությունների դիտման  եւ այլ գործառույթների համար: Իսկ գրասենյակային մասում կատարվում է այդ տվյալների մշակումը, որոշումների կայացումն ու առաքման գործընթացի կազմակերպումը:

Համակարգը ներկայում օգտագործում է 40-ից ավելի կազմակերպություն: Հավելվածի ներբեռնումների թիվը շուրջ 4000 է, իսկ օգտագործողների քանակը՝ 600:

Սուրեն Խաչատրյանի խոսքով՝ համակարգը մեծացնում է կազմակերպության գործընթացների վերահսկելիությունը եւ հնարավորություն է տալիս վերլուծական տվյալների հիման վրա կայացնել խելացի որոշումներ, որոնք ուղղակի ազդեցություն ունեն վաճառքների ծավալի, շահույթի աճի եւ դրամական հոսքերի բարելավման վրա:

Անդրադառնալով թիրախային լսարանին՝ նա նշել է, որ hամակարգը կարող են օգտագործել ինչպես խոշոր, այնպես էլ փոքր եւ միջին առեւտրային կազմակերպությունները, որոնք ցանկանում են ավտոմատացնել ապրանքների մատակարարման գործընթացը նվազագույն ծախսերով, միաժամանակ ապահովելով աշխատանքի բարձր արդյունավետություն:

«Այժմ նորագույն ծրագրավորման տեխնոլոգիաների օգնությամբ մշակվում է համակարգի նոր տարբերակը: Վերջինիս ինտերֆեյսը աշխատանքը կդարձնի ավելի հարմար ու հաճելի: Համակարգի  այս նոր տարբերակը նախատեսում ենք ներկայացնել նաեւ վրացական շուկայում»,- նշել է Սուրեն Խաչատրյանը:

«Հայկական Ծրագրեր» ընկերությունը հիմնադրվել է 1987թ.:

ՆարինեԴանեղյան