15:33 | 01.02.16 | Հարցազրույցներ | exclusive 184818

Բորիս Կոմրակով. Հայկական ՏՏ-ի ապագան սեփական արտադրանքի ստեղծումն է

Անցած շաբաթ Երեւանում անցկացվել է «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը, որին ներկա էր նաեւ Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների եւ  ծառայությունների ալյանսի (WITSA) կրթության, դասընթացների եւ մարդկային ռեսուրսների կոմիտեի նախագահ Բորիս Կոմրակովը:

WITSA-ի անդամ է ՏՀՏ ոլորտի միության ավելի քան 80 երկիր: ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ Հայաստանը ձեռք է բերել 2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) անցկացման իրավունքը:

Itel.am-ը բացառիկ զրույց է ունեցել առաջին անգամ Հայաստան ժամանած Բորիս Կոմրակովի հետ:

***
Դեռ ժամանակ կա, որ Հայաստանը պատրաստվի 2019թ. կոնգրեսին, եւ վստահ եմ, որ ամեն ինչ շատ հարթ կանցնի:

Ինձ զարմացրել է, օրինակ, այն, որ Հայաստանում անօդաչու սարքեր են պատրաստում Սինգապուրի համար: Հայաստանում նույնիսկ մի փոքր պահպանվել է ԽՍՀՄ տեխնոլոգիական  բազան: Ձեզ մոտ անգլերենի մակարդակը բավական բարձր է, եւ դա լավ է, քանի որ չի կարելի ծրագրավորել հայերեն, ռուսերեն կամ վիետնամերեն: Կամ անգլերեն լեզու սովորեք կամ այլ մասնագիտացում ընտրեք:

***
Այժմ մենք քննարկում ենք ՏՏ գյուղ հիմնելու հեռանկարը, եւ ես չեմ բացառում, որ այդ գյուղերից մեկը Հայաստանում հիմնադրվի՝ հաշվի առնելով այն, որ այստեղ առկա են մի քանի «պլյուսներ»՝ օրինակ ավելի էժան եւ որակյալ շինանյութ, ինչպիսին է տուֆը:

Ես պատրաստվում եմ Հայաստան վերադառնալ մայիսին, եւ այդ ժամանակ արդեն ամեն ինչ ավելի հստակ կլինի:

***
Հայաստանն արդեն իսկ աութսորս (outsource) երկիր է, բայց այդ ասպարեզում մրցակցության խորացումը սխալ կլինի, քանի որ գոյություն ունեն ավելի մեծ երկրներ՝ ավելի էժան աշխատուժով: Հայկական ընկերությունների ապագան, իմ կարծիքով, իրենց սեփական արտադրանքն է:

Դուք երբեք չեք անցնի հնդիկներին ծնելիության մակարդակով: Իսրայելն ու Ֆինլանդիան փոքր երկրներ են եւ այլ ուղի են ընտրել: Նրանք իրենց գործն անում են որակով՝ սեփական պրոդուկտներ են ստեղծում, այլ ոչ թե ուրիշներին են սպասարկում: Սակայն սկզբնական շրջանում նախ պետք է սովորել ուրիշներին սպասարկել:

Նարինե Դանեղյան