15:16 | 01.02.16 | Նորություններ | 7115

Հայտնի են «ԴիջիԿոդ»-ի հաղթողները

Հունվարի 30-ին 2-րդ անգամ անցկացվել է «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցել է 40 պատանի:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԻՏՁՄ) նշել են, որ մինչեւ 13 տարեկան տարիքային խմբում «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթել են Սամվել Պապյանը (Angry Birds խաղով) եւ Սերգեյ Վարդանյանը (Brain focus and speed tester): 13 տարեկանից բարձր տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Գեւորգ Հովհաննիսյանը՝ իր «Դպրոց» խաղով:

«Լավագույն վիրտուալ լաբորատորիա» անվանակարգում մինչեւ 13 տարեկան տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Մելինե Ներսիսյանի «Դաշնամուր», իսկ 13 տարեկանից բարձր տարիքային խմբում՝ Նանե Սարգսյանի Animal lab խաղը: «Animal lab»-ը հաղթող է ճանաչվել նաեւ  «Լավագույն դիզայն» անվանակարգում:

«Լավագույն մտահաղացման» հեղինակ է ճանաչվել Վազգեն Հովհաննիսյանը՝ իր Balloons խաղով:

Հաղթողները ստացել են դրամական պարգեւներ, դասընթացի մասնակցության եւ ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն, ինովացիոն ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ եւ այլն:

Ի դեպ, «ԴիջիԿոդ»-ին ներկա է եղել նաեւ Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների եւ  ծառայությունների ալյանսի (WITSA) կրթության, դասընթացների եւ մարդկային ռեսուրսների կոմիտեի նախագահ Բորիս Կոմրակովը: 

«ԴիջիԿոդն» իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: