18:04 | 07.08.23 | Հարցազրույցներ | exclusive 13757

Համլետ Ազարյան. Հայաստանում գործարկվել է [A] Growth Academy-ն

Azarian Growth Agency-ի հիմնադիր Համլետ Ազարյանն արդեն 8 տարի կենտրոնացած է նորաստեղծ ընկերություններին օգնելու գտնել պրոդուկտին համապատասխան շուկա, եկամուտ ստանալ եւ ընդլայնվել: Հիմնական շեշտը դրված է վաղ փուլի, նախասաղմնային, սաղմնային եւ A սերիայի կազմակերպությունների վրա: Ընկերությունը տվյալահեն յուրահատուկ մեթոդաբանությամբ կյանքի է կոչում նոր գաղափարներ ու ռազմավարություններ:

Համլետ Ազարյանը Հայաստանում գործարկել է [A] Growth Academy-ն, որը կամուրջ է ստարտափների եւ երիտասարդ մասնագետների միջեւ՝ հնարավորություն տալով ուսանողներին պատկերացում ձեռք բերել տեխնոլոգիական ոլորտի աշխատանքի ու գործընթացների վերաբերյալ:

Նա iTel.am-ի հետ զրույցում կիսվել է ակադեմիայի նպատակների, կրթական առանձնահատուկ մեթոդաբանության մասին։

- Ինչպե՞ս մուտք գործեցիք տեխնոլոգիական աշխարհ:

- Վերջին 14 տարվա ընթացքում խորապես ներգրավված եմ եղել տեխնոլոգիական ոլորտում՝ հիմնականում աշխատելով վաղ փուլի ստարտափների հետ՝ նրանց սկզբնական եւ A սերիայի փուլերում:

Այս տարիների ընթացքում ընկերությունները, որոնց հետ համագործակցել եմ, ընդհանուր առմամբ, հավաքել են ավելի քան 269,1 միլիոն դոլար՝ իրականացնելով տվյալների վրա հիմնված շուկայավարման ռազմավարություններ: Որպես աճի խորհրդատու՝ ես վճռորոշ դեր եմ խաղացել թիմեր ստեղծելու եւ նրանց կրթելու հարցում, թե ինչպես արդյունավետ կերպով բացահայտել հաճախորդի իրական խնդիրները եւ ստեղծել ընդլայնվող աճի մեխանիզմներ: Սա ոչ միայն հանգեցրել է բիզնեսի արդյունավետ աճին, այլեւ ապահովել, որ ինժեներական եւ պրոդուկտի թիմերը կենտրոնանան իրական արժեք ներկայացնող լուծումների մշակման վրա:

- Դուք օգնում եք ստարտափներին գտնել պրոդուկտի եւ շուկայի համապատասխանությունը, ստեղծել եկամուտներ եւ ընդլայնվել: Կպատմե՞ք Azarian Growth Agency-ի ստեղծման մասին:

- Azarian Growth Agency-ն հիմնադրվել է 2020 թվականին։ Նախքան գործակալության ստեղծումը, զգում էի թիմեր ստեղծելու հարցում անարդյունավետություն։ Այս գիտակցումը ոգեշնչեց Azarian Growth Agency-ի գործարկումը՝ թվային մարքեթինգային լուծումներ առաջարկելու տեսլականով նույնիսկ այնպիսի դժվարին հանգամանքներում, ինչպիսին պատերազմն է:

Համլետ Ազարյանը Համլետ Ազարյանը
photo © Մեդիամաքս



Մեր գործակալությունը մասնագիտացած է ստարտափներին տվյալների վրա հիմնված եզակի մեթոդաբանություն տրամադրելու հարցում, որն օգնում է կյանքի կոչել նորարարական գաղափարները: Անհատականացնելով աճի մեխանիզմները՝ մենք նորաստեղծ ընկերություններին հնարավորություն ենք տալիս արագ փորձարկել եւ գտնել շահավետ շուկայական ռազմավարություններ: Մենք համագործակցում ենք ստարտափների հետ վաղ փուլերում, ներառյալ՝ նախասաղմնային, սաղմնային եւ A սերիայի։

- Ինչո՞ւ եք գործարկել [A] Growth Academy-ն, ի՞նչ ծրագրեր կան Հայաստանում:

- [A] Growth Academy-ն նախագիծ է, որը բխում է չորս տարի առաջ դեպի կենսունակ եւ դինամիկ հայկական տեխնոլոգիական էկոհամակարգ իմ ճանապարհորդությունից: Անհավատալի փորձառություն էր, որի ընթացքում ականատես եղա այս ծաղկող համայնքում աճի հսկայական ներուժին: Այնուամենայնիվ, գտա մի բաց, որը պետք է լուծվեր, եւ որը «բորբոքեց» դրական փոփոխություն մտցնելու բուռն ցանկություն:

Սա հանգեցրեց [A] Growth Academy-ի ստեղծմանը, որի նպատակն է աջակցել էկոհամակարգին` տաղանդավոր ուսանողներին շնորհելով արժանիքների վրա հիմնված կրթաթոշակներ: Մեր փորձված ռազմավարությունների միջոցով մենք հնարավորություն ենք տալիս ուսանողներին դառնալ տեխնոլոգիական նորարարների եւ ձեռնարկատերերի հաջորդ սերունդը, որոնք կձեւավորեն Հայաստանի տեխնոլոգիական ապագան:

Ակադեմիան կամուրջ է ստարտափների եւ երիտասարդ մասնագետների միջեւ՝ հնարավորություն տալով ուսանողներին արժեքավոր պատկերացում ձեռք բերել ՏՏ ոլորտի վերաբերյալ: Նրանց զինելով գիտելիքով՝ մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ հատկապես սահմանափակ ռեսուրսներ ունեցող ստարտափները, կարող են օգտվել աճի եւ հաջողության համար անհրաժեշտ աջակցությունից:

- Ինչպե՞ս է [A] Growth Academy-ն տարբերվում տեխնոլոգիական ոլորտի այլ կրթական հաստատություններից:

- [A] Growth Academy-ում պարզապես տեսական գիտելիք չենք տրամադրում: Մենք կամրջում ենք կրթության եւ իրական աշխարհի խնդիրների միջեւ եղած բացը՝ առաջարկելով գործնական փորձառություն մեր ուսանողներին:

Համլետ Ազարյանը Համլետ Ազարյանը
photo © Մեդիամաքս



Ակադեմիան ուսանողներին հնարավորություն է տալիս ակտիվորեն աշխատել ստարտափների հետ եւ իրականացնել աճի ռազմավարություններ։ Այս գործնական մոտեցումն ուղղակիորեն ազդում է իրական բիզնեսի վրա: Արագ տեմպերով փոփոխվող այսօրվա աշխարհում մենք կենտրոնանում ենք աճի մարքեթինգի վրա՝ հզորացնելով հավակնոտ մասնագետներին ՏՏ ոլորտում փոփոխություն մտցնելու համար:

Ավելին, [A] Growth Academy-ում մենք շաբաթական մեկ օր առաջարկում ենք անհատական աշխատանքային ժամեր Նորարար լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC): ISTC-ի անհատական ժամերը ապահովում են աջակցող եւ ինտերակտիվ միջավայր, որտեղ ուսանողները կարող են կատարելագործել իրենց հմտությունները, փոխանակել մտքեր եւ ձեռք բերել գործնական փորձ:

- Ինչպե՞ս է ակադեմիան աջակցում [A] Growth Academy-ին միանալ ցանկացող, բայց դեռ ՏՏ ոլորտում տարբեր հնարավորություններ բացահայտելու հարցում չկողմնորոշված ուսանողներին:

- [A] Growth Academy-ին ողջունում է ձգտող ուսանողներին, որոնք կարող են կողմնորոշված չլինել տեխնոլոգիական ոլորտում իրենց կարիերայի ուղու վերաբերյալ: Մեր աճի մարքեթինգի հիմունքների դասընթացը նախատեսված է տարբեր լսարանի համար, բոլոր նրանց համար, որոնք մարքեթինգի եւ աճի ռազմավարությունների նկատմամբ կիրք ունեն:

Գրանցվելով մեր ակադեմիայում՝ ուսանողները ծանոթանում են աճի շուկայավարման սկզբունքներին եւ տարբեր ոլորտներում դրա կիրառմանը: Ակտիվ ուսուցման, ստարտափների հետ համագործակցության եւ գործնական փորձերի միջոցով մեր ուսանողները հնարավորություն են ստանում բացահայտել աճի մարքեթինգի տարբեր կողմերը:

Համլետ Ազարյանը Համլետ Ազարյանը
photo © Մեդիամաքս



Այս փորձը ոչ միայն հարստացնում է նրանց հմտությունները, այլեւ՝ օգնում նրանց բացահայտել իրենց շահավետ ու ուժեղ կողմերը տեխնոլոգիական ոլորտում: Անկախ նրանից, թե ուսանողը ցանկանում է մտնել մարքեթինգի ոլորտ, ընդլայնել իր հմտությունները կամ սկսել բիզնես, [A] Growth Academy-ն առաջարկում է աջակցող ուսումնական միջավայր՝ բացահայտելու տարբեր հնարավորություններ տեխնոլոգիական ոլորտում:

- Ինչպե՞ս կարող են դիմել ստարտափները եւ ուսանողները:

- Մենք ուշադիր կերպով գնահատում եւ զուգավորում ենք ուսանողներին եւ ստարտափներին՝ ըստ նրանց յուրահատուկ փուլերի եւ կարիքների: Անկախ նրանից, թե դուք ձգտում եք ուսումնասիրել աճի մարքեթինգային ռազմավարություններ ձեր ստարտափի համար, թե «սուզվել» աճի շուկայավարման աշխարհ որպես ուսանող, [A] Growth Academy-ն ապահովում է անհատական պահանջներին համապատասխան ուսումնական միջավայր: Դիմելու համար անհրաժեշտ է այցելել մեր կայք։

Նունե Գրիգորյան

Լուսանկարներն՝ Ագապե Գրիգորյանի