Հոակիմ Լակյորը
Հոակիմ Լակյորը
17:50 | 04.04.23 | Հարցազրույցներ | exclusive 46363
Հոակիմ Լակյորն Acrobator Ventures-ի համահիմնադիրն է։ Նախկինում աշխատել է խորհրդատվական եւ ֆինանսական ոլորտում` հիմնելով տարբեր ձեռնարկություններ: Նրա փորձը բազմազան է՝ պրոդուկտների փորձարկումից մինչեւ Red Bull-ի ըմպելիքների մրցակցի գործարկումն Իտալիայում, Ավստրիայում եւ կենսավառելիքի արտադրության գործարանից դեպի «Սիլիկոնային անտառ» (Պորտլենդ, Օրեգոն) վաղ փուլի ստարտափների խորհրդատվություն:
iTel.am-ը նրա հետ զրուցել է հայկական ստարտափների հիմնադիրների հետ համագործակցության եւ ներդրումային շուկայի փոփոխությունների մասին։
-Սա Ձեր երկրորդ այցն է Հայաստան։ Ի՞նչ հետաքրքիր միտումներ եք նկատում:
-2022 թվականին էի Հայաստանում. չեմ կարծում, թե շատ բան է փոխվել EasyDMARC-ում մեր առաջին ներդրումից առ այսօր: Ընդհանուր առմամբ, Հայաստանի հանդեպ մեր հետաքրքրությունը պայմանավորված է այստեղի տաղանդներով, ինչպես նաեւ` Սփյուռքի աջակցությամբ, ինչը թույլ է տալիս միջազգային ցանց ձեւավորել։ Ընկերությունները, որոնք ցանկանում են ընդլայնվել, կարող են ապավինել այս ցանցի վրա, ստանալ աջակցություն խորհրդատվության տեսքով ու գրավել նոր շուկաներ։ Այդ պատճառով մեզ հետաքրքիր է հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը։
Digitec-ի ժամանակ խոսնակների որակն ինձ տպավորեց։ Այստեղ էին, օրինակ, Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիր Նուբար Աֆեյանը, ինչպես նաեւ տարբեր դեսպաններ ու պետական գործիչներ։ Տպավորիչ էր նրանց հանդիպել համաժողովից դուրս եւ մասնավոր զրույցներ ունենալ: Նրանք բաց են, պարզ է՝ ինչ մտադրություններ ունեն եւ ինչ հնարավորություններ են տեսնում Հայաստանում։ Հաճելի է տեսնել փոքր ստարտափներից մինչեւ էկոհամակարգի ամենամեծ անդամների ներկայությունը: Հաճելի է նաեւ, որ այս բոլոր համահիմնադիրներն ու խոշոր ընկերությունների հիմնադիրներն ակտիվ ներդրումներ են կատարում, օգնում փոքր ընկերություններին:
-Դուք համագործակցության փորձ ունեք հայ ստարտափների հիմնադիրների հետ, ներդրում եք կատարել EasyDMARC-ում։ Կկիսվե՞ք այդ փորձով։
-Մենք ներդրումներ ենք կատարել EasyDMARC-ում եւ մեկ այլ՝ Hexens հայկական ընկերությունում, որը գործունեություն է ծավալում կրիպտո ենթակառուցվածքի կիբերանվտանգության ոլորտում:
Կարծում եմ՝ EasyDMARC-ի ներդրումին բնորոշ է այն, որ հիմնադիրները մեծ ուշադրություն են դարձնում մեր միջեւ գործընկերային հարաբերություններին։ Այստեղ ոչ թե գումարն է արժեքը, այլ՝ հարաբերությունները: Ըստ իս, դա կարեւոր է։ Ասում են՝ ներդրումները երբեմն ավելի երկար են տեւում, քան ամուսնությունները։ Հետեւաբար, լավ է ճիշտ գործընկեր ընտրելը:
Տպավորություն ունեմ, որ Հայաստանում մեկ անգամ քեզ ընդունելով՝ բոլորը պատրաստ են մշտապես գրկաբաց ընդունել, դա հիանալի է:
-Նոր ներդրումներ հայկական ստարտափներում սպասվու՞մ են, ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այստեղ։
-Դեռ չգիտեմ՝ որ ընկերություններում կլինեն ներդրումներ, սակայն միանշանակ է, որ կլինեն: Մենք ակտիվորեն փնտրում ենք նոր ընկերություններ եւ շարունակում նոր ներդրումներ կատարել, նաեւ Ուկրաինայում։ Երբ մեր ֆոնդի համար ԱՄՆ-ում գումար էինք հավաքում, այնտեղ դրական էր գնահատվում, որ ներդրումներ ենք կատարում հենց այս տարածաշրջանում, բայց, միաժամանակ, հնչում էր գնահատական` պատերազմի պատճառով ռիսկը մեծ է: Կարծում եմ, որ ամենամեծ ռիսկն Ամերիկայում է, ոչ թե այս տարածաշրջանում: Դրա վառ օրինակը Սիլիկոնյան հովտի բանկի փլուզումն էր:
-Հայաստանում գործում է մի քանի վենչուրային հիմնադրամ։ Նրանց հետ հարաբերությունները գործընկերայի՞ն են:
-Մենք աշխատում ենք Formula VC-ի, BANA Angels-ի, Granatus Ventures-ի եւ այլ ֆոնդերի հետ: Շատ լավ հարաբերություններ ունենք Formula VC կամ BANA ֆոնդերի հետ, նրանք ներդրումներ են անում ավելի վաղ փուլում, քան՝ երբեմն մենք։ Կամ էլ ներդրումային շրջափուլում նրանք ունեն ավելի փոքր մասնաբաժին, իսկ մենք փակում ենք ավելի մեծ բաժին։
Հոակիմ Լակյորը