Հենրի Արսլանյանը
Հենրի Արսլանյանը
Հենրի Արսլանյանը
18:03 | 31.03.23 | Հարցազրույցներ | exclusive 42087
Հենրի Արսլանյանը Nine Blocks Capital Management-ի համահիմնադիրն ու կառավարիչ գործընկերն է: Այն ինստիտուցիոնալ մակարդակի հեջ-ֆոնդ է՝ կենտրոնացած բացառապես թվային ակտիվների վրա չեզոք կրիպտո ֆոնդով:
Հենրին նախկինում եղել է PwC-ի գործընկեր եւ համաշխարհային կրիպտո առաջնորդ: Այդ պաշտոնում նա խորհրդատվություն է տրամադրել աշխարհի բազմաթիվ առաջատար կրիպտո բորսաներին, ներդրողներին, ֆինանսական հաստատություններին եւ տեխնոլոգիական ընկերություններին, ինչպես նաեւ բազմաթիվ կառավարությունների, կարգավորող մարմինների եւ կենտրոնական բանկերի՝ կրիպտոյի կարգավորման եւ ռազմավարության հարցերում:
LinkedIn-ի կողմից նա ճանաչվել է ֆինանսների ոլորտում 2022 թվականի լավագույն գլոբալ ձայներից մեկն ու CryptoCapsules™ սոցիալական մեդիայի տեսանյութերի շարքի, ինչպես նաեւ «The Future of Money» փոդքասթի հաղորդավարն է:
Հենրի Արսլանյանի հետ iTel.am-ը զրուցել է Հայաստանում բլոկչեյնի հնարավորությունների ու ապագայի մասին։
-Դուք բազմիցս եղել եք Հայաստանում, ինչպիսի՞ն է բլոկչեյն տեխնոլոգիայի հնարավորությունն այստեղ: Ի՞նչ զարգացումներ կան ոլորտում։
-Բլոկչեյնի եւ կրիպտոարժույթների փոփոխություններն ամբողջ աշխարհում պատմական են: Մենք ապրում ենք ժամանակաշրջանում, որը գրքերում կհիշատակվի որպես հեղափոխական` ֆինանսների ու փողի ոլորտում։
Հայաստանի համար սա հսկայական հնարավորություններ է ստեղծում. այստեղ մի քանի համաշխարհային առաջատար կրիպտո ընկերություն կա արդեն՝ չնայած անորոշ քաղաքականությանն ու կարգավորումներին։ Օրինակ՝ Fastex-ը. կասկած չկա, որ այն լինելու է համաշխարհային առաջատարներից մեկը: ACX-ը նույնպես համաշխարհային առաջատար է, երբ խոսքը վերաբերում է կրիպտո-հաճախորդներին աջակցություն տրամադրելուն: Նույնը կարելի է ասել FunDay-ի մասին, որը թվային մարքեթինգային առաջատար գործակալություն է՝ մասնագիտացած թվային ակտիվների մեջ:
Արդեն պարզ է, որ Հայաստանն ունի համաշխարհային առաջատարներով ինդուստրիա: Ես, իսկապես, հավատում եմ, որ գալիք տարիներին սա կարող է հսկայական հնարավորություններ տալ Հայաստանին, տարածաշրջանին եւ աշխարհին:
-Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ բլոկչեյնը ոչ միայն ֆինտեխ, այլեւ այլ ոլորտներում: Ինչպե՞ս կարելի է այն կիրառել։
-Բլոկչեյն տեխնոլոգիան հսկայական հնարավորություններ է տալիս տարբեր ոլորտներում: Դրանցից մեկն ավելորդ միջնորդներից ազատվելն է։ Օրինակ, այսօր, երբ ուզում եմ Երեւանում տուն կամ բնակարան գնել, պետք է գնամ նոտարի մոտ, որպեսզի իմ գնած հողամասի սեփականությունը հաստատեմ։ Ցավոք, հատկապես վերջին երկու տասնամյակում հաճախ ենք ականատես եղել որոշ կոռուպցիոն երեւույթների կամ երբ մարդիկ կեղծ հիփոթեք են վերցրել։ Այս ամենն անհնար է բլոկչեյն տեխնոլոգիայի դեպքում, երբ իմ հողի սեփականությունը դառնում է NFT: Այսինքն՝ այն ավելի թափանցիկ եւ արդյունավետ է դարձնում գործընթացները, ինչը ձեռնտու է ոչ միայն երկրին, այլեւ՝ մարդկանց։
-Աստիճանաբար ավելի շատ մարդ է տարվում կրիպտոարժույթներով, NFT-ներով: Դրանք անվտանգության սպառնալիքների տեսանկյունից խոցելի՞ են:
-Կրիպտոարժույթներն ազգային անվտանգության սպառնալիք չեն։ Ավելին, դրանք ազգային կատալիզատոր ու խթանիչ են: Ֆինանսների ապագան կերտվում է մեր աչքի առաջ։ Այն երկրները, որոնք ճկուն են, նորարար եւ կարող են օգտվել այս հնարավորությունից, հսկայական քայլ կանեն դեպի ապագա, ինչպես ինտերնետը 90-ականների կեսերին էր: Շահել են այն երկրները, որոնք կարողացել են ընդունել թվային առաջնային մոտեցումները: Նույնը տեղի կունենա կրիպտոարժույթների դեպքում: Մարտահրավերներ, իհարկե, կլինեն, ինչպես ցանկացած նոր տեխնոլոգիայի դեպքում:
Հենրի Արսլանյանը
Հենրի Արսլանյանը