16:28 | 21.03.23 | Հարցազրույցներ | exclusive 41167

Թոնի Սաֆոյան. Պետք է անել ամեն հնարավորը տաղանդների պակասը լրացնելու համար

ՀՀ պետական մարմինները եւ Google Cloud-ի գործընկեր SADA-ն համատեղում են ջանքերը՝ Հայաստանի ողջ տարածքում ներդնելու Google Workspace for Education Fundamentals ծառայություններն ու գործիքները՝ կրթական համակարգի թվայնացման եւ կրթության հավասար հնարավորությունների զարգացման համար:

iTel.am-ը զրուցել է SADA Systems-ի գործադիր տնօրեն եւ նախագահ Թոնի Սաֆոյանի հետ:

SADA-ն պրոֆեսիոնալ ծառայությունների առաջատար եւ Google Cloud-ի լուծումները մատակարարող մրցանակակիր ընկերություն է: Ընկերությունը գրասենյակներ ունի Հյուսիսային Ամերիկայում, Հնդկաստանում, Միացյալ Թագավորությունում, Իռլանդիայում, Հայաստանում։ SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 5 տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 10 մասնագիտացում եւ հաճախորդներին սպասարկելու լավագույն փորձ։

- Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է ամպային հնարավորությունը Հայաստանում, և ինչպե՞ս է SADA-ն աջակցելու տարածաշրջանի հաճախորդներին:

- Տեղական տնտեսության թվային վերափոխումը եւ թվայնացումը դեռեւս առջեւում է, եւ դա պետք է տեղի ունենա Հայաստանում: Բարեբախտաբար, վերջին 2 տարիների ընթացքում մենք ստեղծել ենք խորհրդատուների, ինժեներների եւ մասնագետների թիմ, որոնք սովորել են բոլոր այն հաճախորդներից, որոնց նրանք սպասարկում են ամբողջ աշխարհում: Այս նախագծերի վրա աշխատել են նաեւ հայաստանյան գրասենյակի ինժեներները։

Հուսով եմ, որ մենք կարող ենք համագործակցել տեղական շուկայի եւ տեղական ընկերությունների հետ՝ առաջարկելու այդ առաջադեմ հնարավորությունները եւ օգնելու արագացնել «ճանապարհորդությունը»՝ օգտագործելով ամպային տեխնոլոգիաները:

- SADA-ն կենտրոնացած է ամպային անվտանգության լուծումների վրա: Ի՞նչ ծառայություններ եք առաջարկում: Ինչպե՞ս կարող եք օգնել ընկերություններին, որոնք աշխատում են հեռավար կամ հիբրիդային ռեժիմում:

- Վերջին մի քանի տարիների ընթացքում կիբերհարձակումների թիվն աճել է ավելի քան 40%-ով, կազմակերպությունների 80%-ը կարծում է, որ իրենց գտնվում են կիբերհարձակման մշտական սպառնալիքի ներքո: Մենք վերջին երկու տարին անցկացրել ենք զարգացնելով շատ առաջադեմ հնարավորություններ, որոնք հեշտ կիրառելի են մեր հաճախորդների համար:

Թոնի Սաֆոյանը Թոնի Սաֆոյանը
photo © SADA


Կիբերանվտանգության վստահության գնահատումը մեր նոր առաջարկներից մեկն է, երբ մենք կարող ենք վերանայել հաճախորդների անվտանգության բոլոր սպառնալիքները եւ օգնել նրանց լրացնել առկա բացերը: Բարեբախտաբար, Google-ը եւ Google Cloud էկոհամակարգին մաս կազմող մեր որոշ այլ գործընկերներ ունեն սպառնալիքների հայտնաբերման ու կանխարգելման հսկայական հնարավորություններ, բայց դրանք պետք է ճիշտ իրացվեն, եւ հենց այստեղ ենք մենք մասնագիտացած: Անկախ նրանից, աշխատանքն հեռավար է, թե հիբրիդային, անվտանգությունն ամենակարեւորն է, ինչի մասին մտածում են գործադիր տնօրեններն ու տեխնոլոգիական առաջնորդները:

- SADA-ն գրասենյակներ ունի ԱՄՆ-ում, Հնդկաստանում , նաեւ Հայաստանում: Ի՞նչ կոնկրետ խնդիրներով են զբաղվում հայ մասնագետները։

- Մենք հավատում ենք ծառայությունների գլոբալ մատակարարման հնարավորության ստեղծմանը, որն իր որակով հավասար է ամենուր, որտեղ մեր ինժեներներն են: Մենք այստեղ ունենք մասնագետներ, որոնք աշխատում են տվյալների եւ տվյալների ճարտարագիտության ոլորտում, անվտանգության մասնագետներ, ենթակառուցվածքների արդիականացման մասնագետներ՝ այնպես, ինչպես աշխարհի ցանկացած կետում: Մենք սպասարկում ենք բազմազգ հաճախորդների եւ ցանկանում ենք ընտրել լավագույն տաղանդներին՝ նրանց ճիշտ շուկաներում կիրառելու համար։

Թոնի Սաֆոյանը Թոնի Սաֆոյանը
photo © SADA


Մեր հաճախորդները պետք է գրեթե չզգան տարբերությունը ու չկարողանան ասել, թե որ երկրից են ինժեներները, քանի որ որակը նույնական է բոլոր տեղերում: Շարունակելու ենք զարգացնել մեր կարողությունները. վերջերս Հայաստանում մեզ միացել է Ադամ Էվանսը, ով մեր ծառայության ղեկավարներից է Մեծ Բրիտանիայում: Նա պատրաստվում է ընդլայնել եւ դիվերսիֆիկացնել ծառայությունների մատուցումը Հայաստանում։ Կարծում եմ՝ լավ փորձառություն կբերի այստեղ։

- Ի՞նչ բացեր եք տեսնում Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգում:

- Կարծում եմ, որ այն կենսունակ եւ հավակնոտ էկոհամակարգ է: Այստեղ ներկայացված են մեծ միջազգային ընկերություններ, մեծ հավակնություններ ունեցող ստարտափներ: Ըստ իս, ամենամեծ բացը տաղանդների բացն է՝ ինչպես ենք մենք զարգացնում դրանք: Պետք է ինժեներների ավելի շատ սերունդներ կրթել, որոնք կընտրեն այս ուղին համալսարանից սկսած, ինչպես նաեւ օգնել մարդկանց տեղափոխվել Երեւան՝ աշխատելու տեխնոլոգիական ոլորտում, նույնիսկ այնպիսի վայրերից, ինչպիսին Հնդկաստանն է: Պետք է անել ամեն հնարավորը՝ տաղանդների պակասը լրացնելու համար: Սա միայն հայաստանյան խնդիր չէ, գլոբալ խնդիր է։

- Ո՞ր որակավորումներն ու արժեքներն են պարտադիր այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են աշխատել SADA Armenia-ում։

- Մենք հավատում ենք, որ վարքը, ընդունակությունը եւ մշակույթը, հավանաբար, ամենակարեւոր են: Կարծում ենք, որ այս հմտությունները կարելի է զարգացնել։

Մենք ցանկանում ենք լինել մի վայր, որտեղ մարդիկ հավակնոտ են եւ ցանկանում են քրտնաջան սովորել ու աշխատել, հավաստագրվել տարբեր ինժեներական լուծումներում: Մենք սպասարկող կազմակերպություն ենք, ուստի ցանկանում ենք ներգրավել մարդկանց, ովքեր հարյուր տոկոսով հաճախորդամետ են: Մինչ այժմ իսկապես լավ աշխատանք ենք կատարել այդ ուղղությամբ:

- Google-ի ոչ բոլոր ծառայություններն են ներկայում հասանելի Հայաստանում։ Ինչպե՞ս է SADA-ն աշխատելու Google Cloud-ի հետ՝ տարածաշրջանի հաճախորդներին աջակցելու համար:

- Google Cloud-ի գրեթե բոլոր ծառայություններն այժմ հավաստագրված են Հայաստանում՝ GCP, Google Workspace եւ այլն: Մենք ցանկանում ենք անել ավելին: SADA-ն բախտավոր է, որ հիանալի աշխատանքային հարաբերություններ ունի Google-ում աշխատող հայերի հետ, ովքեր տեսնում են այն լրացուցիչ հնարավորությունները, որոնք մենք կարող ենք բացահայտել մեր երկրի համար:

Նունե Գրիգորյանը զրուցում է Թոնի Սաֆոյանի հետ Նունե Գրիգորյանը զրուցում է Թոնի Սաֆոյանի հետ
photo © SADA


Հավատում ենք, որ ունենք փորձ եւ հաստատակամություն՝ հաղթահարելու Google-ի որոշ առաջարկներ Հայաստան բերելու բարդությունները, որ Հայաստանն ունենա նույնպիսի առաջնակարգ տեխնոլոգիաների հասանելիություն, ինչպիսին ԱՄՆ-ում է: Դա իմ երազանքն է:

Թոնի Սաֆոյանի հետ զրուցել է Նունե Գրիգորյանը