16:46 | 18.06.24 | Հարցազրույցներ | exclusive 10060

Մայքլ Անտոնով. Oculus VR-ը հիմնելու, Deep Origin-ի ու կենսատեխնոլոգիաների ապագայի մասին

Մայքլ Անտոնովը նշանակալի ներդրում ունի վիրտուալ իրականության, վենչուրային կապիտալի եւ կենսատեխնոլոգիաների ոլորտներում: Նա հիմնել է Oculus VR-ը, որը մոտ 2 մլրդ դոլարով ձեռք է բերել Facebook-ը։ Նա նաեւ գործունեություն է ծավալել վենչուրային ներդրումների ոլորտում որպես Formic Ventures-ի համահիմնադիր, գործընկեր ու այժմ Deep Origin-ի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է։

Deep Origin-ն առաջադեմ կենսատեխնոլոգիական ընկերություն է, որը հեղափոխություն է անում դեղերի հայտնաբերման եւ զարգացման ոլորտում՝ AI-ի վրա հիմնված նորարար լուծումների միջոցով: Այն օգտագործում է ժամանակակից արհեստական բանականությունը` արագացնելու հետազոտության գործընթացը, բացահայտելու նոր թերապեւտիկ թիրախները եւ պարզեցնելու դրանց կլինիկական կիրառությունը։

Մայքլ Անտոնովի հետ iTel.am-ը զրուցել է Oculus VR-ի զարգացման վաղ փուլերի, Facebook-ի հետ գործարքի, ներդրումային գործունեության մասին։ Անդրադարձել ենք նաեւ Հայաստանի ՏՏ էկոհամակարգին, Deep Origin-ի ու Գարեգին Պապոյանի հիմնած BiosimAI-ի միաձուլմանը։

- Կպատմե՞ք Oculus VR-ի ստեղծման ու զարգացման վաղ փուլերի մասին:

- Նախքան Oculus VR-ը հիմնել էի Scaleform ընկերությունը: Այն հիմնադրել ենք քոլեջում սովորելիս իմ ընկեր Բրենդան Իրիբի հետ համատեղ: Scaleform-ը ստեղծում էր խաղային ոլորտի համար նախատեսված գործիքներ։ Մեզանից մեկ տասնամյակ պահանջվեց այս ընկերությունը կառուցելու համար, այնուհետեւ մեր գործիքը հայտնի դարձավ եւ վաճառվեց Autodesk-ին: Մենք աշխատում էինք Autodesk-ում մոտ մեկ տարի, դրանից կարճ ժամանակ անց Բրենդանը տեղափոխվեց մեկ ուրիշ ստարտափ Կալիֆորնիայում։ 2012 թվականին ինձ եւս համոզեց տեղափոխվել Կալիֆորնիա, եւ դա Oculus VR-ի հիմնադրման տարին էր:

photo © Մեդիամաքս (Ագապե Գրիգորյան)


Երբ նոր էի տեղափոխվել, լուրեր տարածվեցին նոր վիրտուալ իրականության ակնոցի մասին, որը պատրաստել էր Փալմեր Լաքի անունով 19 տարեկան մի երիտասարդ: Նա համագործակցում էր աշխարհահռչակ ծրագրավորող Ջոն Քարմակի հետ, ով ցուցադրել էր այդ սարքը E3 խաղային համաժողովին։ Մարդիկ շատ էին տպավորվել ու ասում էին՝ այդ շոուի ժամանակ ամենալավ բանը Ջոնի VR սարքն է. այն իրականում Փալմերի ձեռքի աշխատանքն էր:

Բրենդանն ու ես կապվեցինք Փալմերի հետ ու համոզեցինք ընկերություն հիմնել: Kickstarter-ում մեկնարկեցինք քրաուդֆանդինգ արշավ։ Մեր նպատակն առնվազն 250 հազար դոլար հավաքելն էր: Առաջին օրը հավաքեցինք 1 միլիոն դոլար, Kickstarter-ի վաճառքները մեր սպասումներից կրկնակի էին: Կարելի է ասել՝ ստիպված եղանք հիմնել ընկերություն, քանի որ մարդկանց խոստացել էինք սարքեր առաքել: Այդպես սկսեցինք Oculus VR-ը:

- Ինչպե՞ս Meta-ն (նախկինում՝ Facebook) ձեռք բերեց ընկերությունը։

- VR սարքերի մշակումն իրականում շատ թանկ է եւ դժվար: Եթե ակնոց եք պատրաստում, առաջին հերթին պետք է սարքել ապարատը, որը նաեւ ծրագրային ապահովում է պահանջում։ Մեր ներդրողներից մեկը Բրենդանին կապեց Ցուկերբերգի հետ։ Նա տեսել էր դեմոն եւ տպավորվել։

photo © Մեդիամաքս (Ագապե Գրիգորյան)


Իրականում չէի ուզում վաճառել ընկերությունը, որովհետեւ կարծում էի՝ պետք է ինքնուրույն դուրս գանք շուկա: Դա ուղղակի իմ ցանկությունն էր: Բայց, ի վերջո, նրանք գրավիչ առաջարկ արեցին, մենք համաձայնեցինք: Այսպիսով, Facebook-ի նման մեծ ընկերություն ունենալն օգտակար էր, այն կարող էր իրեն թույլ տալ գումար ներդնել նախագծի մեջ։ Այժմ նրանք միլիարդավոր դոլարներ են ծախսում դրա վրա, իսկ ես այդքան էլ շատ ժամանակ չեմ ծախսում VR-ի վրա:

- Ո՞րն է ձեր ներկայիս դերին վենչուրային ոլորտում: Ո՞րն է Formic Ventures-ի հիմնական տեսլականը, ո՞ր ուղղությամբ է այն կենտրոնացած:

- Formic Ventures-ն ավանդական վենչուրային ընկերություն չէ: Մենք ներդրումներ ենք կատարում ընտանիքի գրասենյակներից։ Այն կենտրոնացած էր առողջապահության, երկարակեցության եւ դրա շուրջ տեխնոլոգիաների վրա: Շրջանակը լայն է, բայց մեր կապիտալի 80%-ը ներդրվել է կենսատեխնոլոգիաների ոլորտի մեջ․գործիքներ, տարբեր ենթակառուցվածքներ՝ նախատեսված դեղերի հայտնաբերման համար, երկարակեցության թերապեւտիկ միջոցներ եւ այլն: Ես իսկապես մտածում եմ մարդու առողջության մասին, շատ եմ ուսումնասիրում այդ թեման։ Ներկայում, հավանաբար, տարեկան մեկ կամ երկու ներդրում եմ կատարում։ Այժմ ամբողջովին կենտրոնացած եմ Deep Origin-ի վրա:

- Դուք արդեն ներդրում եք կատարել հայազգի Գարեգին Պապոյանի BioSimAI-ում։ Պատմեք նրա հետ աշխատելու փորձի, Deep Origin-ի եւ BiosimAI-ի միաձուլման առանձնահատկությունների մասին:

- Գարիկի հետ հանդիպել ենք ավելի քան երկու տարի առաջ: Արդեն մտածում էի առողջապահական ու թերապեւտիկ խնդիրներ լուծելու մասին, ինչի համար մեզ իսկապես անհրաժեշտ է խորապես հասկանալ կենսաբանությունը: Գարիկը չափազանց ուժեղ է ատոմային սիմուլյացիաներում եւ ֆիզիկայում: Նրա մեջ ամենաանհավանականն այն է, որ նա տիրապետում է տեխնոլոգիաների մի քանի շերտի: Երբեմն մարդիկ պարզապես կենտրոնանում են մոլեկուլային դինամիկայի կամ շատ նեղ ոլորտային ուղղություններ վրա, բայց կենսաբանության, ֆիզիկայի եւ քիմիայի բնագավառում նրա գիտելիքները բավականին լայն են ու բազմաշերտ։

photo © Մեդիամաքս (Ագապե Գրիգորյան)


Այդկերպ մտածեցի՝ նրա հետ կարող ենք խոսել ավելի մեծ տեսլականի մասին: Գարիկն արդեն սկսել էր BiosimAI-ն, նրա ընկերությունում ներդրումներ եմ կատարել Formic Ventures-ից: Նրա հետ քննարկում ունեցանք՝ արդյոք կարող ենք ինտեգրել նրանց գործիքներն ավելի լայն հաշվողական հարթակում։ Միասին սկսեցինք ավելի լայն հարթակ կառուցել։ Deep Origin-ում ինտեգրեցինք որոշ մշակումներ: Ցանկանում էի, որ թիմերն ավելի սերտ աշխատեն, այդ պատճառով էլ որոշեցինք ձեռք բերել Գարիկի ընկերությունը: Դա ավելի շատ հավասարների միավորում է, գնում չէի անվանի, կասեի՝ միաձուլվեցինք։ Ներկայում կապիտալն օգտագործվում է մեր նախագծերը միասին առաջխաղացնելու նպատակով։

- Ո՞ր փուլում է ընկերությունը։

- Սաղմնային փուլում ենք, արդեն ունենք նախնական հաճախորդներ եւ դրական արձագանքներ: Ոգեւորված ենք, ամեն ինչ լավ է ընթանում, թեեւ դեռ անուններ չեմ նշի: Մենք գտնվում ենք պրոդուկտի շուկայի համապատասխանության վաղ փուլում: Մեր տեխնոլոգիան, որը մշակվել է Հայաստանում, լավագույններից է աշխարհում։ Թիրախային շուկան գլոբալ է՝ կենտրոնանալով ԱՄՆ-ի եւ Եվրոպայի վրա: Թեեւ ներկայում հաճախորդների մեծամասնությունը ԱՄՆ-ից է, ակնկալում ենք սպասարկել հաճախորդների ամբողջ աշխարհից։

- Սա Ձեր երկրորդ այցն է Հայաստան, ինչպիսի՞ն են Ձեր նախնական տպավորությունները հայկական տեխնոլոգիական էկոհամակարգից:

- Ես ճանաչում եմ SmartGate VC-ի թիմին, մասնակցել եմ իրենց Hero House միջոցառումներին, որտեղ հանդիպել եմ մի քանի ստարտափի հիմնադիրների: Նրանց թիմը մեծ աշխատանք է կատարում Լոս Անջելեսում համայնքային ներկայությունը զարգացնելու գործում: Հայաստանում հանդիպել եմ շատ աշխատասեր ու տաղանդավոր մարդկանց: Թեեւ շատ այլ մանրամասներ չգիտեմ հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի մասին, բայց իմ տպավորությամբ այստեղ կան AI եւ ML հմուտ ինժեներներ եւ մեծ հետաքրքրություն համակարգչային գիտության եւ AI-ի նկատմամբ: Տաղանդների ֆոնդը կարող է դեռ որոշ չափով սահմանափակ լինել: Տեսնում եմ նաեւ սովորելու եւ աճելու պատրաստակամություն, մարդիկ այստեղ խելացի են թվում:

- Ի՞նչ խորհուրդ կտաք տեխնոլոգիական ձեռներեցներին հաջողության հասնելու համար: Ինչպե՞ս կարող են նրանք գրավել ներդրողների ուշադրությունը:

- Հաջողության հասնելու համար հարկավոր է խորը պատկերացում ունենալ հաճախորդների եւ այն խնդրի մասին, որը լուծում եք: Կապ պահպանեք ու աշխատեք պոտենցիալ օգտատերերի եւ հաճախորդների հետ, հստակ ճանաչեք ու դիրքավորեք պրոդուկտը: Սա կարեւոր է ցանկացած ընկերության համար:

photo © Մեդիամաքս (Ագապե Գրիգորյան)


Ներդրողների առումով՝ ընդլայնեք եւ զարգացրեք գործարար ցանցն ու կապերը: Եվրոպա կամ այլ տարածաշրջաններ ճանապարհորդելը կարող է օգնել: Թեեւ այստեղ գործում է մի քանի տեղական ֆոնդ, բայց պետք է կապ հաստատել նաեւ դրսի ներդրողների ու այլ ընկերությունների հիմնադիրների հետ: Ինչ վերաբերում է B2B լուծումներ մշակողներին, ապա միջազգային վաճառքը խթանելու համար ընկերության ղեկավար կազմ կամ տնօրենների խորհուրդ բերեք այնպիսի մեկին, որը ձեր թիրախային շուկայի տարածաշրջանից է, լավ տեղեկացված է շուկայի առանձնահատկություններից։

- Որո՞նք են այն զարգացող տեխնոլոգիաները կամ միտումները, որոնք ձեզ ամենաշատն են տպավորում ներկայում:

- Իմ ժամանակի մեծ մասը կենտրոնացած է կենսատեխնոլոգիական ոլորտի վրա: AI-ը մեր աշխատանքի հսկայական մասն է կազմում, հատկապես մեր ձայնային AI օգնականի եւ տարբեր AI մոդելների հետ դեղամիջոցների հայտնաբերման գործում: Մենք այստեղ ուժեղ թիմ ունենք։

Ես եւ՛ ոգեւորված եմ, եւ՛ մի փոքր վախենում եմ արհեստական բանականության համար, քանի որ ոչ ոք իսկապես չգիտի, թե ինչ ազդեցություն այն կունենա լայն հասարակության վրա, սակայն առաջիկա մի քանի տարիներին դա շատ կօգնի առաջ մղել հիմնական ոլորտները:

Ռոբոտաշինական լաբորատորիաները դառնում են ավելի օգտակար, թեեւ ինդուստրիան դեռեւս չունի ամբողջական ավտոմատացման մակարդակ: Գենոմային եւ էպիգենետիկ խմբագրումը զարգանում է եւ սկսում ազդել, հատկապես երկարակեցության վրա՝ ԴՆԹ-ին ավելացնելով մարկերներ, որոնք վերահսկում են բջիջների վիճակը:

photo © Մեդիամաքս (Ագապե Գրիգորյան)


Անհատականացված բժշկությունը եւս կարեւոր ոլորտ է: Թեեւ դեղերը կարող են օգնել, բայց մեր առողջության մեծ մասը կախված է մարզումներից, քնից եւ սնունդից: Սենսորների եւ ախտորոշման ընթացիկ առաջընթացի շնորհիվ մենք այժմ կարող ենք անհատականացված խորհրդատվություն ստանալ սննդի եւ հավելումների վերաբերյալ՝ օպտիմալացնելով առողջությունն այնպես, ինչպես նախկինում չէինք կարող:

Առաջիկա 10 տարվա ընթացքում նորաստեղծ ձեռնարկությունների եւ նոր գործիքների աճով պայմանավորված՝ ամենայն հավանականությամբ, զգալի բարելավումներ կունենանք ավելի առողջ եւ երկարակյաց կյանքի համար:

Մայքլ Անտոնովի հետ զրուցել է Նունե Գրիգորյանը