10:26 | 17.11.15 | Հարցազրույցներ | exclusive 14354

Արա Ավանեսյան. Google-ում հայերը հիմնականում աշխատում են տեխնոլոգիաների վրա

Նոյեմբերի 1-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվեց GDG (Google Developer Group) DevFest Armenia 2015-ը, որին մասնակցեց ավելի քան 200 մարդ: Միջոցառման խոսնակներից էին նաեւ Google-ի ներկայացուցիչները:

Itel.am-ը զրուցել է Google Now-ի թիմում աշխատող ծրագրավորող ինժեներ (Software Engineer) Արա Ավանեսյանի հետ:

Նախքան Google-ում աշխատանքի անցնելը նա 4 տարի աշխատել է Microsoft-ում՝ Bing որոնման համակարգի բաժնում:

-DevFest Armenia 2015-ի շրջանակում ձեր ելույթի թեման էր «աշխատանքային գործընթացը մեծ կազմակերպություններում»: Որքանո՞վ է այդ թեման ակտուալ հայկական լսարանի պարագայում: 

- Խոսում էի մեծ ընկերություններում աշխատանքի, աշխատանքի ընդունվելու հարցազրույցների նրբությունների եւ այլ թեմաների մասին:

Տարիներ առաջ, երբ Երեւանում էի աշխատում, որոշել էի դիմել «Մայքրոսոֆթ»-ի թափուր աշխատատեղերից մեկի համար: Ռեզյումե ուղարկեցի, եւ երկար ժամանակ պատասխան չկար: Մի տեսակ նեղացա «Մայքրոսոֆթից», քանի որ այդ նույն ռեզյումեն ցույց տալով Հայաստանում ցանկացած տեղ՝ ինձ հիմնականում կկանչեին հարցազրույցի: Միաժամանակ մտածեցի, որ «Մայքրոսոֆթի» այլ թափուր աշխատատեղերի համար չդիմեմ, քանի որ մեկին արդեն դիմել էի:
 
Դա նման էր վարագույրի, եւ այն փակ էր: Մի կողմում ես էի, մյուս կողմում՝ հսկայական կորպորացիան: Չէի հասկանում, որ «Մայքրոսոֆթը» մի ընկերություն չէ, այլ տարբեր մեծ եւ փոքր թիմերից բաղկացած կորպորացիա, եւ եթե մի թիմին նոր մասնագետ է պետք, ապա այն տեղյակ չէ, թե ինչ մասնագետ է փնտրում նույն տեղում աշխատող մեկ այլ թիմ: 

Իմ երեւանյան ելույթի հիմնական նպատակն էր մի փոքր բացել այդ փակ վարագույրը, ցույց տալ, թե իրականում ինչպես են աշխատում մեծ ընկերությունները:

- Եվ, իրականում, ինչպե՞ս են աշխատում մեծ ընկերությունները:

- Հարցին պատասխանեմ աշխատանքի ընդունման հարցազրույցների մասով: Վերջերս Google-ում երկօրյա թրեյնինգի էի մասնակցում, որը սովորեցնում էր ճիշտ հարցազրույց վարելու հմտությունները:

Ընդհանրապես, Google-ը նման հարցազրույցներ անելու սեփական մշակույթ ունի: Մեր թրեյները մի նախադասություն ասաց, որը շատ կարեւոր է. «Հարցազրույցը շանս է, մարդուն փայլելու հնարավորություն տալու ձեւ»: Ցավոք, այդ շանսը՝ մարդուն փայլելու հնարավորություն տալը, Հայաստանում գրեթե բացակայում է, այստեղ հարցազրույցի ընթացքում մարդկանց շատ են ճնշում: Հարցազրուցավարը փորձում է դիմացինին ցույց տալ, որ ինքը շատ ավելի բան գիտի: Այդպես միգուցե դու քեզ մի փոքր բավարարված ես զգում, սակայն քո ընկերությունը կորցնում է մի լավ մարդու եւ մասնագետի: Լավ կլիներ, որ ընկերություններում հարցազրույցներ վարողները մի փոքր մտածեին այդ մասին: 

- Որքանո՞վ եք հետեւում հայաստանյան ստարտափ զարգացումներին:

- Ամեն տարի գալիս եմ Հայաստան եւ այո, զարգացում կա: Ֆեյսբուքում, ինչպես նաեւ ընկերներիս հետ շփումների շնորհիվ նկատում եմ՝ շատ-շատերն այստեղ «թաթախված են» ինչ-որ հետաքրքիր գաղափար կյանքի կոչելու մեջ, եւ ես դրա համար շատ ուրախ եմ: Ժամանակին ինքս էլ աշխատել եմ ստարտափների վրա:

- Google-ը հաճախ է հայտարարում ինտերնշիփերի մասին: Որքանո՞վ դրանք կարող են օգտակար լինել հայ մասնագետների համար: 

- Այդտեղ շատ մեծ է մրցակցությունը: Պայքարում հիմնականում հաղթում են թոփ համալսարանների ուսանողները, որոնք արդեն իսկ որոշակի հաջողությունների են հասել: Մեծ ընկերությունների կողմից առաջարկվող ինտերնշիփերը միաժամանակ մեծ հնարավորություն են, եւ եթե կա շանս, պետք է օգտվել դրանից:

- Google-ում աշխատող շա՞տ հայերի եք ճանաչում:

- Հիմնականում Google-ում աշխատող հայերը կամ Հայաստանից վաղուց գնացած հայեր են կամ սփյուռքահայեր: Կան ընկերությունում բարձր պաշտոն զբաղեցնող հայեր, սակայն նրանք հայաստանցիներ չեն: Google-ում հայերը հիմնականում աշխատում են տեխնոլոգիաների վրա:

- Ի՞նչ եք կարծում, ե՞րբ Google-ը կորոշի վերջապես տարածաշրջանում գրասենյակ բացել:

- Իմ կարծիքով՝ մեծ ընկերություններն ինչ-որ տեղ գրասենյակ ունենալու համար տվյալ տարածքում մեծաքանակ եւ բարձրորակ մասնագետների կարիք են ունենում: Ցավոք, Հայաստանում, երբ մարդը լավ մասնագետ է դառնում, հիմնականում գնում է այլ երկրներ: Այնպես որ բարձրորակ եւ միաժամանակ մեծաքանակ մասնագետների մեկ տեղում հավաքելու խնդիր կա:

Հայաստանին նոր հոսք եւ անընդհատ թարմացող ուժեր են պետք: Լավ կլիներ, որ հայ ծրագրավորողները բարձրակարգ կրթություն ստանային:

- Հիմա այդ կրթությունը Հայաստանում չե՞ն ստանում:

- Շատ լավ տեղեկացված չեմ, սակայն, որքանով տեղյակ եմ՝ ոչ այնքան: Կրթական ոլորտում ոչ պրակտիկ գիտելիքներն ավելի շատ են այստեղ: Այն ժամանակը, որ կարելի է օգտագործել ուսանողներին ինչ-որ կոնկրետ բաների մեջ մասնագիտացնելու համար, օգտագործվում է ընդհանուր գիտելիքներ տալու համար:

Հայաստանում կրթությունն ավելի լայն է: Ես ավարտել եմ ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Այն, ինչ ես եմ ստացել, այսպես կոչված հորիզոնական կրթություն էր, դա վատ չէ, սակայն այսօր դրսում այնքան պահանջված չէ, որքան խորացված մասնագիտացումը:

- Բայց հենց ձեր օրինակը փաստում է, որ այստեղ ստացած կրթությամբ հնարավոր է աշխատել Google-ում: Ի՞նչ խորհուրդ կտայիք նման ցանկություն ունեցող ձեր հայրենակիցներին:

- Անընդհատ աշխատեք ձեզ վրա եւ առաջ գնացեք, ինքնազարգացեք: Ծրագրավորումն անընդհատ զարգացում է պահանջում, քանի որ ամեն րոպե այն փոփոխությունների է ենթարկվում: Խորհուրդ կտայի հատուկ չնստել եւ պատրաստվել աշխատանքի ընդունվելու հարցազրույցին: Պարապելու ամենալավ ձեւը աշխատանքն է, որը հնարավորություն է տալիս անընդհատ ամրապնդել գիտելիքները, զարգանալ ու ռեալ փորձ ձեռք բերել, որի առկայությունը անգնահատելի է թե՛ հարցազրույցների, թե՛ հետագա կարիերայի համար:

Արա Ավանեսյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը