12:49 | 22.01.16 | Հոդվածներ | exclusive 5130

Truthly-ն ներկայանում է նոր գործառույթներով

Ընկերներին անկեղծ եւ անանուն «խոստովանություններ» անելու հնարավորություն ընձեռող Truthly հարթակն արդեն շուրջ 30 հազ. օգտատեր ունի:

Հարթակի օգտատերերի թիվը միայն Հայաստանից արդեն 20 հազ-ի է հասնում: 

Նախագծի հիմնադիրներից Հրաչյա Մանուկյանը Itel.am-ին տեղեկացրել է, որ նկատելի ակտիվություն զգացվել է սկսած նախորդ տարվա դեկտեմբերից:

«Դեկտեմբերի սկզբին ավարտեցինք Truthly-ի մշակման հիմնական մասը եւ վերջապես որոշեցինք առաջին անգամ Հայաստանում այն նորմալ տարածել: Այդպիսով, 1 ամսում հարթակում շուրջ 20 հազ. մարդ գրանցվեց: Այս պահին օրական միջինում 1500 հարց է տրվում, ու հնչում է շուրջ 4000 կարծիք: Տարբեր երկրներից գրանցվողների ընդհանուր թիվը մոտ 30 հազ. է»,- նշել է նա:

Հրաչյա Մանուկյանը նման ակտիվությունը բացատրում է Truthly-ի եւ Facebook-ի ինտեգրմամբ:

«Քանի որ օգտատերերը միայն Ֆեյսբուքով են գրանցվում, դա նպաստում է Facebook-ի ընկերների շրջանում Truthly-ի տարածմանը»,- ասել է նա:



Truthly-ի համահիմնադրի խոսքով՝ հարթակն աստիճանաբար դառնում է իր տեսակի մեջ եզակի սոցցանց:

«Երկու օր առաջ սկսեցինք Truthly-ի տարածումը Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Բելառուսում: Ակտիվությունը գնալով աճում է: Այդ 3 երկրներից գրանցված օգտատերերի թիվն այս պահին շուրջ 1000 է»,- նշել է նա:

Հրաչյա Մանուկյանը խոսել է նաեւ Truthly-ի նորամուծությունների, մասնավորապես՝ featured profile-ների ու request-ների գործառույթների մասին:

«Տեսնելով Հայաստանից հարթակի նկատմամբ նման հետաքրքրությունը՝ որոշեցինք, որ  Truthly-ն կարող է դառնալ բիզնեսների համար լավ հնարավորություն՝ իրենց բիզնեսի մասին անկեղծ կարծիքներ, առաջարկներ, բողոքներ ստանալու հարցում: Խոսքը, իհարկե, վերաբերում է այն բիզնեսներին, որոնք իսկապես կարեւորում են իրենց հաճախորդների կառուցողական կարծիքները: Այդպես առաջացավ featured profile-ների ու request-ների գաղափարը: Այդպիսով, featured request-ները երեւում են ոչ միայն ընկերների, այլեւ բոլոր օգտատերերի գլխավոր էջերին (feed)՝ ըստ երկրների, եւ մարդիկ կարող են ազատ կարծիք հայտնել»,- նշել է նա:

Հրաչյա Մանուկյանի խոսքով՝ Truthly-ով կարծիք հարցնելու հիմնական առավելություններից է այն, որ կարծիք հայտնողներից յուրաքանչյուրի հետ հնարավոր է նաեւ անանուն չաթ սկսել ու խորացված զրույց ունենալ թողած կարծիքի վերաբերյալ:

«Այսինքն, եթե ինչ-որ մեկը գրում է, որ ձեր ընկերությունն ունի վատ սպասարկում, կարող եք նրա հետ առանձին խոսել անանուն չաթով եւ հասկանալ դժգոհության պատճառը»,- բացատրել է նա:

Երեկ երեկոյան բետա թեստավորման շրջանակում ֆունկցիան առաջին նագամ փորձարկվել է gg-ի վրա:

«Առավոտյան արդեն շուրջ 80 կարծիք էր հավաքվել, հիմնականում՝ օգտակար: Հաջորդ շաբաթ եւս մեկ ընկերության հետ կփորձարկենք: Ճիշտ է, նոր գործառույթը վճարովի է լինելու, սակայն առաջին 3-4 ընկերությունների համար, որոնք այս պահին կցանկանան մասնակցել բետա թեստավորմանը, այն կլինի անվճար: Իհարկե, խոսքը գնում է հանրային ճանաչում ունեցող ընկերությունների մասին»,- եզրափակել է Հրաչյա Մանուկյանը: 

Նարինե Դանեղյան