12:59 | 21.01.16 | Հոդվածներ | exclusive 7860

    Հայկական ՏՏ-ի շանսերը Իրանում

    Հունվարի 16-ին Վիեննայում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեցին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին:

    Պատժամիջոցների վերացումը լավ հնարավորություն է Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղերի, այդ թվում՝ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների համար` մուտք գործելու իրանական շուրջ 80-միլիոնանոց շուկա:

    Հայկական տեխնոլոգիական այն ընկերությունների համար, որոնց թիրախը արտերկիրն է, Իրանն ունի ներուժ՝ դառնալու ինչպես թեստավորման վիթխարի շուկա, այնպես էլ զարգացման լավ հարթակ, որտեղ օտարերկրյա մրցակիցները դեռ այնքան էլ շատ չեն:


    Ըստ տվյալների՝ Իրանի 81 մլն բնակչության կեսն ունի սմարթֆոն: Նախատեսվում է, որ այս տարվա մարտին սմարթֆոն օգտագործողների թիվը կկրկնապատկվի: Սա նշանակում է, որ շուկայում տեխնոլոգիական մյուս պրոդուկտներին զուգահեռ պահանջարկը եւ հետաքրքրությունը կմեծանա նոր մոբայլ հավելվածների նկատմամբ:


    Ֆեդերիկա Մոգերինին եւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Վիեննայում հունվարի 16-ին
    Լուսանկարը՝ Reuters

    Ինչո՞ւ ներկայացված չլինել այս շուկայում, հատկապես, երբ կա դրա ներուժը: 

    Իրանը եւ հայկական ՏՏ ընկերությունները

    Itel.am-ը զրուցել է հայկական մի քանի ՏՏ ընկերությունների հետ՝ փորձելով պարզել, թե որքանով են նրանք հետաքրքրված իրենց արտադրանքն իրանական շուկայում ներկայացնելու հարցում:

    Zangi ընկերությունը՝ համանուն մոբայլ հավելվածով, այսօր ունի շուրջ 400 հազ. ներբեռնում, որից շուրջ 5000-ը՝ Իրանից:

    «Մեր ընկերությունը միշտ էլ հետաքրքրված է եղել Իրանով: Պետք է նշել, որ Zangi-ն այնտեղ օրգանիկ ձեւով է տարածվում՝ առանց միջամտության»,- նշում է Zangi թիմի անդամ Արթուր Ավետիսյանը:

    Ենթադրվում է, որ Իրանից օգտվողների մեծ մասը տեղի հայերն են կամ Հայաստանում բնակվող իրանցիների բարեկամները:

    «Zangi-ն հնարավորություն է տալիս նույնիսկ շատ թույլ ինտերնետի դեպքում բարձրորակ վիդեո եւ աուդիո զանգեր իրականացնել, փոխանակվել ինտերակտիվ հաղորդագրություններով, լուսանկարներով եւ տեսանյութերով: Իսկ Իրանում առկա ինտերնետային խնդիրների պարագայում սա շատ ակտուալ խնդիր է լուծում»,- ընդգծում է Արթուր Ավետիսյանը:

    gg ընկերությունը, որն օրերս ggGeorgia բրենդով սկսեց գործել նաեւ Թբիլիսիում, նախատեսում է այս տարի մուտք գործել նաեւ իրանական շուկա:

    «Ուշացնել չի կարելի, եւ ցանկալի է շուկա մուտք գործել տարվա առաջին կեսին: Անձամբ հորդորում եմ բոլոր հայ գործարարներին, որոնք ունեն մրցունակ պրոդուկտներ, շատ լուրջ վերաբերվել իրանական շուկային՝ հնարավորինս արագ հաստատվելով այնտեղ»,- շեշտում է gg-ի համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը:

    Նա նշում է, որ Թեհրանից բացի՝ իրենք նպատակ ունեն մուտք գործել իրանական մյուս քաղաքներ, առաջին հերթին՝ Թավրիզ:

    Մարդկային ռեսուրսների կառավարումը դյուրացնող Teamable հայկական ընկերությունը եւս հետաքրքրված է իրանական շուկա մուտք գործելու հեռանկարով:

    «Իրանը մեզ համար շատ հետաքրքիր շուկա է, քանի որ մոտ ապագայում բուռն աճելու է: Դեռ հստակ չենք ծրագրել, թե երբ կլինի մեր մուտքն այդ շուկա, քանի որ նախ հարկավոր է համակարգին «պարսկերեն սովորեցնել»»,- նշում է ընկերության համահիմնադիր Վազգեն Հակոբջանյանը:
     
    Ընկերներին անկեղծ եւ անանուն «խոստովանություններ» անելու հնարավորություն ընձեռող Truthly նախագծի հիմնադիրներից Հրաչյա Մանուկյանն էլ նշում է, որ Իրանի հետ կոնկրետ պլաններ այս պահին չունեն:

    «Մեզ մոտ հաջորդ թիրախային շուկան Ռուսաստանն է, հետո եվրոպական երկրները: Դրանից հետո միայն կարելի է մտածել Իրանի մասին»,- ասում է նա:

    Իրանական շուկայում նորարարական լուծումների պակաս կա

    «Ստարտափ Armenia» կազմակերպության հիմնադիր Հայկ Ասրիյանցն Իրանը հայկական ՏՏ-ի համար բավական գրավիչ շուկա է համարում:


    Լուսանկարը՝ ERIC LAFFORGUE PHOTOGRAPHY

    «Իրանի տնտեսությունը, ըստ Համաշխարհային բանկի նախնական տվյալների, աշխարհում 28-րդն է, իսկ ՀՆԱ-ն կազմում է ավելի քան $425 մլրդ: Ընդ որում, 80-միլիոնանոց բնակչության միայն 4-6%-ն է համարվում աղքատ (եթե աղքատության շեմը համարենք օրական $2.5-3.5 ծախսեր ունենալը): Միեւնույն ժամանակ, Իրանը դեռ 2014թ. առանձնանում էր գործազրկության բարձր ցուցանիշով՝ 11.4%, թեեւ կառավարությունը նախատեսել է նոր աշխատեղեր ստեղծելու միջոցով այս տարի իջեցնել ցուցանիշը մինչեւ 7%»,- նշում է նա:

    Հայկ Ասրիյանցն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Իրանում դեռ արգելված եւ արգելափակված են բազմաթիվ արտասահմանյան ՏՏ հարթակներ եւ պրոդուկտներ:

    «Սա ստիպել է տեղացի ձեռներեցներին մշակել դրանց իրանական տարբերակները, մինչդեռ շուկայում կա նորարարական լուծումների պակաս: Արդյունքում ստեղծվել է հետաքրքիր մրցակցային միջավայր, որտեղ, կարծում եմ, հայկական ընկերությունները կարող են մեծ հաջողությունների հասնել»,- ընդգծում է նա:

    Հայկ Ասրիյանցի խոսքով՝ դեպի Իրան նոր կամուրջներ կառուցելու համար հարկավոր է ճիշտ օգտագործել հայ-իրանական առեւտրատնտեսական եւ մշակութային կապերը, Հայաստանում բնակվող պարսկահայերին եւ Իրանի հայկական համայնքը:

    Իրանում մոբայլ գեյմերների 78%-ը նախընտրում է անգլերեն ինտերֆեյսը

    Վերջերս Իրանում մոբայլ գեյմինգի վերաբերյալ հետաքրքիր թվեր էր հրապարակել Techcrunch-ը: 837 իրանցի մոբայլ գեյմերների շրջանում անցկացված օնլայն հարցման նպատակն էր հասկանալ երկրում տիրող իրավիճակը:

    Իրանի 81-միլիոնանոց բնակչության մեծամասնությունը (60%) մինչեւ 30 տարեկան են: Հետեւաբար, մոբայլ խաղեր խաղացողների 67%-ը մինչեւ 24 տարեկան են:

    Ընդ որում, հարցվածների 78%-ը խաղերը նախընտրում է խաղալ ոչ թե պարսկերենով, այլ անգլերենով:

    67%-ը մոբայլ խաղերից օգտվում է օրվա մեջ մի քանի անգամ՝ կարճ ժամանակով, իսկ 19%-ը՝ օրական 3 ժամից ավելի: 84%-ն օգտագործում է Android, իսկ 13%-ը՝ iOS սարքեր:

    Խաղերի ընտրության հարցում առաջատար գործոններն են ընկերների/ ծանոթների խորհուրդները (52%), հավելվածի վարկանիշը (47%), ԶԼՄ-ների անդրադարձը (28%): Խաղերի ամենատարածված ժանրերն են էքշենը (52%) եւ ստրատեգիան (49%):

    Տարվա ընթացքում թեմային անդրադարձ էր կատարել նաեւ The Guardian-ը: Վկայակոչելով պաշտոնական աղբյուրները՝ պարբերականը նշել էր, որ իրանցիների գոնե կեսն ունի սմարթֆոն:

     
    Ինչ վերաբերում է ինտերնետ օգտագործողների թվին, ապա, ըստ Internet World Stats-ի տվյալների, Իրանն ունի 46.5 մլն ինտերնետ օգտատեր, ինչն ամբողջ Մերձավոր Արեւելքում ինտերնետ օգտագործողների շուրջ 40%-ն է: Սակայն ուշագրավ է, որ ոչ բոլորն Իրանում ունեն ինտերնետին կանոնավոր կերպով միացման հնարավորություն: 

    Նարինե Դանեղյան