14:00 | 19.01.16 | Հոդվածներ | exclusive 2813

Autosms.am. Անվճար խորհրդատու` վարորդների համար

Գործարկվել է Autosms.am անվճար ավտոտեղեկատու հարթակը, որը նախատեսված է վարորդներին օգնելու համար:

Հարթակը ստեղծվել է WebMaker Studio ընկերության կողմից: Itel.am-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Արման Ալավերդյանը նշել է, որ հայաստանյան շուկայում սա իրենց 4-րդ նախագիծն է։
 
«Սովորաբար, երբ մեքենաների տերերին պահեստամաս կամ ծառայություն է հարկավոր լինում, նրանք ստիպված վերցնում են հեռախոսը եւ մեկ առ մեկ զանգահարում պահեստամաս կամ ծառայության մատակարարներին՝ փորձելով հերթով բացատրել իրենց մեքենայի տվյալները եւ թե ինչ պահեստամասեր են իրենց անհրաժեշտ, ինչ տեսք ունեն դրանք։ Լինում են դեպքեր, երբ վաճառողները խնդրում են բերել պահեստամասի օրինակը, որպեսզի նրանք տեսնեն եւ համեմատեն իրենց տեսականու հետ։ Այսպիսով, անհրաժեշտություն է առաջանում հերթով խանութներ կամ օգտագործած պահեստամասերի վաճառողների այցելել»,- նշել է Արման Ալավերդյանը՝ բացատրելով, որ հարթակը լուծում է նմանատիպ բոլոր խնդիրները: 

Համակարգը հնարավորություն է տալիս նշել մեքենայի տվյալները, գրել, թե ինչ պահեստամաս է անհրաժեշտ, հնարավորության դեպքում պահեստամասը լուսանկարել եւ ամբողջ տեղեկատվությունը ուղարկել հարցման տեսքով: 
 
«Համակարգը մեքենայի տվյալների հիման վրա ընտրում է համապատասխան մակնիշի մեքենայի պահեստամաս վաճառողներին՝ վերջիններիս ուղարկելով հարցումը եւ լուսանկարները։ Քիչ անց պահեստամաս վաճառողները կապվում են հաճախորդի հետ՝ SMS հաղորդագրության կամ զանգի միջոցով՝ առաջարկելով տարբեր տեսակներ եւ գներ»,- նշել է Արման Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ խոսքը միայն պահեստամասերի մասին չէ։

«Փորձել ենք ընդգրկել այն ամենը, ինչը պետք է վարորդին. Օրինակ, ներկայացված են  տեխնիկական սպասարկման եւ մեքենաների հետ կապված ցանկացած այլ ծառայություններ մատուցողներ, ավտոպարագաներ, անվադողեր եւ անվահեծեր վաճառողներ եւ այլն»,- ասել է նա:

Ըստ Արման Ալավերդյանի՝ թիրախային լսարանն ավտոմեքենա վարողներն ու խնամողներն են:

«Այս պահին թիրախում է նաեւ մատակարարը, քանի որ մենք դեռ շարունակում ենք համակարգում ընդգրկել պահեստամասերի եւ ծառայությունների մատակարարներին։ Մատակարարների գրանցումը ներկայում ազատ է եւ անվճար։ Ցանկացած նոր եւ օգտագործած պահեստամաս վաճառող կամ ծառայություն մատուցող կարող է մուտք գործել գրանցման էջ, նշել բջջային համարը, ստանալ PIN եւ մուտք գործելով համակարգ՝ գրանցել բոլոր վաճառքի կետերը եւ ծառայության տեսակները։ Բացի autosms.am-ի ներքին հաղորդագրությունների համակարգից՝ հարցումների հակիրճ տարբերակը SMS հաղորդագրության տեսքով գնում է մատակարարներին՝ այն համարով, որով նրանք գրանցվել են»,- ընդգծել է Արման Ալավերդյանը:
 
Նա նշել է, որ ներկայում փորձում են հավաքագրել նաեւ մենեջերների, որոնք գործարքային հիմքի վրա կշրջեն եւ կներկայացնեն նախագիծը մատակարարներին։

«Այս հարցը շատ կարեւոր է, քանի որ Հայաստանում շատ ավելի դժվար է համոզել մատակարարներին եւ բացատրել նրանց օգուտը։ Մի մասը չի ցանկանում հավատալ, որ նման նախագիծը կարող է անվճար լինել, մյուսները համոզված են, որ իրենք գովազդի կամ տեղեկատվության կարիք չունեն, քանի որ միակն են ու անկրկնելին։ Հարկ է սակայն նշել, որ նախագիծը նկարագրելուց հետո բոլորն էլ ի վերջո հաճույքով գրանցվում են։ Հետագա պլաններից են նաեւ դուրս գալ այլ երկրների շուկա»,- ընդգծել է Արման Ալավերդյանը:
 
Խոսելով մոբայլ տարբերակի գործարկման հնարավորության մասին՝ նա նշել է, որ չնայած հարթակը մոբայլ սարքերի համար հարմար է, սակայն մինչեւ ամառ նախատեսվում է Android եւ IOS հավելվածների գործարկումը:

Նարինե Դանեղյան