11:18 | 13.01.16 | Հոդվածներ | exclusive 4028

Երկու նոր հավելված` Sphere ընկերության կողմից

Sphere հայկական ընկերության մասնագետները գործարկել են երկու նոր հավելված, որոնք հասանելի են Google Play-ում:

Tasty Recipes 360-ի միջոցով շատ արագ կարելի է գտնել աշխարհի տարբեր խոհանոցների լավագույն բաղադրատոմսերը, իսկ Funny 360-ի միջոցով՝ ամենազվարճալի տեսանյութերն ու լուսանկարները:

Itel.am-ի հետ զրույցում Sphere-ի տնօրեն Դավիթ Խաչատրյանը նշել է, որ հավելվածների թիրախում իրենց ժամանակը խնայել ցանկացողներն են:

«Ժամանակն ամենակարեւոր բանն է, այդ իսկ պատճառով ստեղծեցինք երկու հավելված, որոնցից առաջինը խնայում է ժամանակն ուտելիք պատրաստելիս, իսկ երկրորդը հնարավորություն է տալիս գտնել ամենազվարճալին հաշված վայրկյանների ընթացքում: Սա ավելի հարմար է, քան օրինակ սոցցանցերի միջոցով նույն բովանդակությամբ առանձին էջեր որոնելը»,- ասել է Դավիթ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ 2 հավելվածում էլ շուտով ավելացվելու են սոցիալական շփման գործիքներ, որպեսզի մարդիկ կարողանան քննարկել լուսանկարներն ու տեսանյութերը: Եթե հավելվածները սիրվեն, ապա, Դավիթ Խաչատրյանի խոսքով, կպատրաստվեն նաեւ դրանց iOS տարբերակները:

Նշենք, որ Sphere-ի թիմը կազմված է 5 հոգուց:

«Հավելվածների պատրաստումը հնարավորություն տվեց մեր թիմի նոր անդամներին ավելի մեծ ուժերով միանալ մեր հիմնական նախագծի՝ Instahire-ի պատրաստման աշխատանքներին: Ի դեպ, Instahire-ը, որի միջոցով գործատուները կարող են գտնել աշխատակիցներ, «Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթի հաղթողներից է»,- հիշեցրել է Դավիթ Խաչատրյանը: 

Նարինե Դանեղյան