ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
11:23 | 28.12.15 | Նորություններ | 6524
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարծում է, որ ՀՀ շուկայում «մրցակցությունը ծայրահեղության է հասցված»:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար սա հետաքրքիր, նոր մարտահրավերներով լի տարի էր: Մենք շարունակում ենք զարգացնել մեր ցանցը: Հաջողությունների թվում է 80 լրացուցիչ կայանների ստեղծումը: Ցավոք, տնտեսական առումով այս տարի անկում ենք ունեցել՝ շուրջ 8% նախորդ տարվա համեմատ: Պատճառները տարբեր են՝ ինչպես գլոբալ, այնպես էլ ներքին բնույթի: Կարելի՞ է արդյոք դրանց թվին դասել Ռուսաստանում առկա տնտեսական իրավիճակը: Միանշանակ: Ռուսաստանում կապի օպերատորները բարձրացրել են դեպի Հայաստան զանգերի սակագներն իրենց բաժանորդների համար: Դա բերել է նրան, որ շատերը նախընտրում են ինտերնետ կապից օգտվել, եւ ձայնային զանգերի թիվը կրճատվել է: Դա չէր կարող շահույթի տեսակետից մեզ վրա բացասական ազդեցություն չունենալ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ղեկավարը «Голос Армении» թերթին տված հարցազրույցում:
«Հաճախ բջջային կապի օպերատորները բաժանորդներին այնպիսի հնարավորություններ են տալիս, որ նրանք չեն էլ օգտագործելու: Ասենք, միջինը, բաժանորդը ստանում է 300-400 «անվճար րոպե»: Սակայն 1000 անվճար րոպե տրամադրելն անիմաստ է: Դա եւս մի գործոն է, որն ազդում է շահույթի կրճատման վրա: Կարելի է դեռ շատ պատճառներ թվարկել, բայց փաստն այն է, որ իրողությունները հասկանալով, մենք պետք է ավելի հստակ աշխատենք, ավելի արդյունավետ, որպեսզի ավելի լավ արդյունքներ ստանանք: Մեզ մոտ դա ստացվում է: Կարծում եմ՝ 2016-ը մեր ոլորտի համար բարդ է լինելու, հնարավոր է, նույնիսկ ավելի բարդ, քան անցնող տարին: Մի խոսքով, դեռ շատ անելիք ունենք»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: