09:37 | 28.12.15 | Նորություններ | 8072

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» ամփոփել են 2015-ի արդյունքները

40 ընտանիքի համար այս Ամանորը նոր երանգ կունենա ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ:

2015 թվականին այդ 40 ընտանիքներն ավարտել են իրենց կիսակառույց տների շինարարությունը եւ/կամ վերանորոգել են տանիքը եւ Ամանորը կդիմավորեն հարմարավետ պայմաններում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը այցելեցին Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում բնակվող Հայրապետյանների նորակառույց բնակարան, ուր դեռ մի քանի ամիս առաջ կազմակերպությունների ղեկավարները կամավորների հետ միասին կատարում էին հատակի բետոնացման աշխատանքներ:

«Նոր տարվա նախաշեմին այցելել ենք Փոքր Վեդի գյուղ՝ ամփոփելու բնակարանաշինության ծրագրի 2015թ.-ի արդյունքները եւ մասնակցելու Հայրապետյանների տան բնակարանամուտին, որոնց օգնել ենք կառուցել սեփական տունը: Այս ընտանիքի եւ բնակարանաշինության ծրագրում ընդգրկված եւս 40 ընտանիքների՝ ընդհանուր առմամբ 219 մարդու համար, Նոր տարին իրապես կյանքի նոր փուլ է խորհրդանշում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2015թ-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար (2014թ.-ին` 55 մլն դրամ):