15:00 | 18.12.15 | Նորություններ | 1444

Մեկնարկել է «Վիրտուալ իրականության մարտահրավեր» մրցույթը

Այսօր Երեւանում մեկնարկել է «Վիրտուալ իրականության մարտահրավեր» մրցույթը, որը նախաձեռնել են «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը եւ «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամը:

Նպատակն է խրախուսել գիտնականներին եւ ծրագրավորողներին, օգտագործելով ժամանակակից լավագույն սարքավորումները, ստեղծել յուրահատուկ վիրտուալ իրականության ծրագրեր ու հավելվածներ։

Մասնակցության հայտերը առաջին փուլի համար ընդունվում են մինչեւ 2016թ. փետրվարի 15-ը։ Մրցույթին կարող են մասնակցել 15-35 տարեկան երիտասարդները, որոնք պայքարելու են մի շարք մրցանակների համար։

Մրցույթի ընթացքում մշակված լավագույն կրթական հավելվածները  կընդգրկվեն «ԱրմԹաբ» դյուրակիր համակարգիչներում եւ «ԱրմՖոն» հեռախոսներում։  Բացի այդ, հաղթող ճանաչված մասնակիցը (թիմի ներկայացուցիչը) կմասնակցի 2017թ. տեղի ունենալիք 2 խոշոր միջազգային միջոցառումների՝ «Consumer Electronics Show 2017» եւ «World Mobile Congress 2017»։

Մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է $15 հազ-ին համարժեք ՀՀ դրամ։

«Բազմիցս եմ նշել, որ մեր պետությունը ունի հզոր եւ խելացի երիտասարդ մասնագետներ, որոնք գիտակցում են, որ տեղեկատվական տեխնոլոգիաները մեր ապագան են։ Այսօրվա մրցույթի նպատակն է բացահայտել այս երիտասարդներից շատերին եւ ներգրավել նրանց Հայաստանի զարգացմանն ուղղված մի շարք նախագծերում։ Ակնկալում ենք յուրահատուկ, մի փոքր էլ «տարօրինակ», հետաքրքիր գաղափարների եւ նախագծերի ներկայացում»,- նշել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր եւ տնօրեն Վահան Շաքարյանը։

Կազմակերպիչների խոսքով՝ մրցույթի ընթացքում գնահատվում են գիտական գաղափարի յուրահատկությունը, ինչպես նաեւ անհատի կամ թիմի գաղափարի իրականացման ձեւը, ներկայացումը:

Մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա 2016թ. սեպտեմբերի 9-ին։