16:21 | 11.12.15 | Հոդվածներ | exclusive 4346

Հայաստանում մշակված Justbefit հավելվածը՝ ռուսաստանյան AppStore-ի լավագույն հավելվածների ցանկում

Հայկական Helix ընկերության կողմից մշակված եւ սպասարկվող Justbefit համակարգի iOS հավելվածը Apple-ի կողմից ընդգրկվել է ռուսաստանյան AppStore-ի 2015 թ. լավագույն հավելվածների ցանկում:

Itel.am-ին Helix-ում տեղեկացրել են, որ համակարգի հիմնադիրները, որոնց թվում է նաեւ մեր հայրենակիցը, Ռուսաստանից են:

iOS հավելվածն ունի ավելի քան 30 հազ. ներբեռնում: Գրանցված օգտատերերի քանակն անցնում է 10 հազ.: Բացի iOS տարբերակը, Justbefit-ը հասանելի է նաեւ Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի եւ կայքի միջոցով:

Համակարգը, որը գործարկվել է այս տարի ՌԴ-ում, մեկ օնլայն հարթակում միավորում է բազմաթիվ սպորտային ակումբների, բոքսի, յոգայի, պարերի եւ մենամամարտների խմբակների: Այն հնարավորություն է տալիս պատվիրել յուրաքանչյուր պարապմունք՝ առանց ձեռք բերելու տարեկան կամ ամսական թանկարժեք անդամակցության քարտ:



Justbefit-ում ներկայացված է շուրջ 1000 սպորտային հաստատություն՝ ամսական 200 հազ. տարբեր պարապմունքների առաջարկություններով:

Պարապմունք կարելի է գտնել հետեւյալ չափանիշներով` գտնվելու վայր, օր/ժամ եւ գին, իսկ վճարել կարելի է ինչպես վճարային քարտերով, այնպես էլ տեղում՝ պարապմունքից առաջ:

Helix-ում նաեւ տեղեկացրել են, որ առաջիկայում պլանավորում են մշակել համակարգի iPad տարբերակը, ինչպես նաեւ բարելավել որոնողական համակարգը՝ այն դարձնելով ավելի մատչելի:
 
Նարինե Դանեղյան