11:45 | 11.12.15 | Հոդվածներ | exclusive 3911

    Dark Vador. Աստղային պատերազմներ՝ հայկական ոճով

    Dark Vador ժամանցային հայկական խաղն արդեն հասանելի է Google Play-ում եւ App Store-ում:

    Խաղը ստեղծվել է Sentzlab ընկերության կողմից: Համահիմնադիրներն են Լեւոն Ավետիսյանը, Ներսես Նաջարյանը եւ Կոստյա Վարեսկոն:

    Լեւոն Ավետիսյանը Itel.am-ին պատմել է, որ խաղը կհետաքրքրի ինչպես այսօրվա երիտասարդներին, այնպես էլ «Աստղային պատերազմներ» ֆիլմի երկրպագու ավագ սերնդին:

    «Խաղի նպատակն է ոչնչացնել թիրախները տրված փամփուշտներով` կրակելով ճիշտ անկյան տակ եւ հաղթահարելով բոլոր խոչընդոտները: Որպես թեմատիկ լուծում՝ խաղի դիզայնում օգտագործել ենք «Աստղային պատերազմներ» ֆիլմից դետալներ: Օրինակ, հանրահայտ «Death Star»-ը` մոլորակներ ոչնչացնող տիեզերանավը»,- նշել է Լեւոն Ավետիսյանը:  
     


    Նրա խոսքով, թիմում ներկայում 5 հոգի է աշխատում: Այս փուլում ներդրողներ չունեն, եւ բոլոր նախագծերն իրականացնում են սեփական միջոցներով:

    Dark Vador-ը նոր է հայտնվել շուկայում եւ, Լեւոն Ավետիսյանի խոսքով, այս պահին ճանաչելիության խնդիր ունի, սակայն որոշակի ակտիվություն արդեն նկատում են:

    «Իհարկե, խաղի հետագա զարգացման հետ կապված գաղափարներ ունենք, սակայն ամեն ինչ կախված է սկզբնական հաջողությունից: Ուրախ կլինենք լսել խաղին առնչվող հետաքրքիր ու օգտակար դիտողություններ եւ մտքեր»,- եզրափակել է Լեւոն Ավետիսյանը:

    Նարինե Դանեղյան