14:11 | 10.12.15 | Նորություններ | 4955

«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015»-ին կմասնակցեն 70-ից ավելի թիմեր

Դեկտեմբերի 12-ից 13-ը Վանաձորում կայանալիք «Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթին կմասնակցի շուրջ 70 թիմ:

Թիմերը տեղում կմշակեն տարբեր ոլորտներին առնչվող խնդիրների լուծումներ, որոնք այնուհետ կներկայացնեն մասնագետների եւ մենթորների դատին։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում այսօր տեղեկացրել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը, նշելով որ ամենաշատ հայտերը վերաբերում են ամպային տիրույթում փոքր եւ միջին բիզնեսի խնդիրների լուծումներին: 

«Հաքաթոնին կմասնակցի ավելի քան 250 մարդ։ Առաջարկվող լուծումները տարբեր ոլորտների են առնչվում՝ սկսած առողջապահությունից մինչեւ բնապահպանություն կամ առեւտուր։ Մեր կենտրոնը հատուկ ուշադրություն է դարձնելու ամպային տիրույթում փոքր եւ միջին բիզնեսի խնդիրների լուծումներ առաջարկող թիմերին։ Կենտրոնը ոչ միայն շնորհելու է դրամական մրցանակ, այլեւ թիմերի կտրամադրի տեխնոլոգիական եւ բիզնես աջակցություն՝ իրենց գաղափարը կայուն բիզնեսի վերածելու համար»,- տեղեկացրել է նա:

Մրցույթի անցկացման գործում ներդրում ունի Beeline-ը: Ի հավելումն ինտերնետի ապահովմանը, ընկերությունը հաղթող երեք մասնակիցներին հատուկ մրցանակ կշնորհի:

«Մշտապես հետեւելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման միտումներին` Beeline-ն աշխատում է առավելագույնս օգտագործել թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։ Ես ինքս բազմաթիվ անգամներ համոզվել եմ, որ նմանատիպ միջոցառումները մասնակիցներին հնարավորություն են տալիս կատարելագործելու իրենց գաղափարները եւ հանդիսանում են փորձի փոխանակման յուրատեսակ հարթակ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների համար: Կարող եմ վստահությամբ նշել, որ հենց այս երիտասարդների ձեռքերում է գտնվում թվային տեխնոլոգիաների զարգացման ապագան Հայաստանում եւ ամբողջ աշխարհում», - նշել է  Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Մրցույթի գլխավոր աջակիցներ Համաշխարհային բանկը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը սահմանել են հատուկ մրցանակ՝ 400 հազ ՀՀ դրամ (առանց հարկերի) այն լավագույն թիմի համար, որը կմշակի սոցիալական ներառում (social inclusion) պարունակող նորարար լուծում ցանկացած ոլորտում: Սպասվող մյուս մրցանակներին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Մեզ հաջողվեց Գյումրիում փոխել մտածելակերպ եւ կյանքի որակ, ստեղծել համապատասխան միջավայր նոր գաղափարներով հանդես գալու եւ տեղի մասնագետների միջոցով դրանք կյանքի կոչելու համար: Այս հաջող օրինակի հիման վրա ցանկանում ենք Վանաձորը նույնպես դարձնել տեխնոլոգիական հզոր կենտրոն: Նպատակին հասնելու առաջին քայլերն են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը եւ նմանատիպ մրցույթների իրականացումը, ինչպիսին է տարվա ամենամեծ տեխնոլոգիական մրցույթը՝ Հեքըթոն 2015-ը»,- նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: 

Միջոցառումը կազմակերպել են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցությամբ:

Աջակիցներն են Համաշխարհային բանկը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Արմենտել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշով), Knight-Mozilla OpenNews-ը, Վանաձորի N17 եւ 5 ավագ դպրոցները, ggTaxi-ն: