12:11 | 10.12.15 | Նորություններ | 2335

ԻԴՐԱՄ-ը գործարկել է թարմացված բջջային դրամապանակը

«Իդրամ» ընկերությունը ներկայացրել է ԻԴՐԱՄ բջջային դրամապանակի թարմացված տարբերակը:

Ինչպես նշել են ընկերությունում, ԻԴՐԱՄ բջջային դրամապանակը, որն iOS եւ Android հարթակներում գործարկվել է ս.թ. նոյեմբերի սկզբին, օգտատերերի առաջարկների հիման վրա անցել է բարելավումների ճանապարհ եւ ներկայանում է մի շարք նորարարություններով: Մասնավորապես.

- Հիմնովին նորացվել, օգտատերերի համար առավել պարզ ու հարմարավետ է դարձվել հավելվածի դիզայնը:

- iPhone հեռախոսների դեպքում ԻԴՐԱՄ դրամապանակն արդեն հնարավորություն է տալիս վճարումը հաստատել մատնահետքով՝ PIN կոդի փոխարեն:

- Դրամապանակում հնարավոր է տեսնել եւ անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային հասցեին ուղարկել ու տպել վճարումների կտրոնները:

- Ներկայացված է QR կոդով վճարման հնարավորություն, որը շուտով հասանելի կլինի երեւանյան մի շարք սրճարաններում, ռեստորաններում, խանութներում վճարելիս:

- Թարմացվել է վճարումների ցանկը: Ներառվել են նոր գործընկերներ, ինչի շնորհիվ դրամապանակով հնարավոր է վճարումներ իրականացնել Հայաստանում, Ռուսաստանում եւ Վրաստանում ծառայություններ մատուցող բազմաթիվ կազմակերպությունների օգտին:

«ԻԴՐԱՄ բջջային դրամապանակն առաջատար հայկական հավելվածներից է App Store-ում, Play Store-ում, որի ներբեռնումների ընդհանուր թիվն արդեն գերազանցում է 84 հազարը: Ընկերությունը մշտապես աշխատում է բջջային դրամապանակի կատարելագործման ուղղությամբ՝ իր օգտատերերի համար ապահովելով սմարթֆոններով  արագ, ապահով եւ հարմարավետ վճարումների իրականացման լավագույն գործիքը»,- նշել են ընկերությունում:

ԻԴՐԱՄ բջջային դրամապանակով հնարավոր է իրականացնել հետեւյալ վճարումները ՝ բջջային հեռախոսի լիցքավորում, կոմունալ ծառայությունների, ինտերնետի, հեռուստատեսության, ավտոկայանատեղիի, ՃՈ տուգանքների, հարկերի եւ տուրքերի վճարումներ, վարկերի մարում:

Դրամապանակը հնարավորություն է տալիս իրականացնել նաեւ ակնթարթային դրամական փոխանցումներ ինչպես ԻԴՐԱՄ օգտատերերի միջեւ, այնպես էլ դեպի էլեկտրոնային փողի արտասահմանյան համակարգեր: