12:59 | 08.12.15 | Նորություններ | exclusive 6199

Հայկական SoloLearn-ը` Սիլիկոնյան հովտի մինչեւ $10 մլն ֆինանսավորմամբ ստարտափների TOP 10-ում

Հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը, որը ծրագրավորում սովորեցնող ամենամեծ մոբայլ հարթակն է, ճանաչվել է Սիլիկոնյան հովտի (Bay Area) մինչեւ $10 մլն ֆինանսավորում ունեցող Թոփ 10 ստարտափներից մեկը:

Silicon Valley Business Journal-ի փոխանցմամբ, վարկանիշը կազմել է ստարտափ հետազոտություններով զբաղվող Mattermark ընկերությունը:

Վարկանիշի կազմողները նշում են, որ «աճի տեմպերը նշված 10 ստարտափների դեպքում ավելացել են՝ ցույց տալով նախնական հզոր առաջխաղացում»:

Բացի ներդրումները, հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպես զբաղվածության աճը, առաջխաղացումը սոցիալական մեդիայում եւ կայքեր այցելությունները, ինչպես նաեւ ընկերություններին ներքին հղումները: 



6-րդ հորիզոնակում գտնվող SoloLearn-ի աճի գնահատականը 852 է, իսկ, օրինակ, վարկանիշի առաջատար Product Hunt-ինը՝ 1380:

«SoloLearn-ի արագ աճի գնահատականը (momentum score) ամենաբարձրն է Թոփ 10-ի շրջանակում»,- ասված է վարկանիշում:

«Ուրախ ենք վարկանիշում հայտնվելու համար, բայց նաեւ հասկանում ենք, որ սա առաջին քայլերից մեկն է միայն, եւ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Այսինքն, պահանջվելու է ավելի շատ քրտնաջան աշխատանք եւ նվիրվածություն: Ունենք հրաշալի թիմ եւ կարծում ենք, որ դա հաջողության գլխավոր գրավականներից է»,- Itel.am-ին ասել է SoloLearn-ի համահիմնադիր  եւ գործադիր տնօրեն Դավիթ Քոչարյանը:

Նշենք, որ օրեր առաջ SoloLearn-ն ընդգրկվել էր 2015թ. Հնդկաստանում Google Play-ի լավագույն հավելվածների շարքում:  



SoloLearn-ի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ:

Նարինե Դանեղյան