12:22 | 26.11.15 | Նորություններ | 4298

CNN. Հայաստանը՝ նոր վիրտուալ Մետաքսի ճանապարհ

 

Ամերիկյան CNN հեռուստաալիքի «Մետաքսի ճանապարհ. Անցյալ, ներկա, ապագա» հաղորդաշարի նոյեմբերի 23-ի թողարկումը նվիրված է եղել Հայաստանի մայրաքաղաքին: 

«Նոր վիրտուալ մետաքսի ճանապարհ». այսպես է CNN-ը բնորոշում հայկական նորարար տեխնոլոգիաների արտահանման ուղին: 

«Երեւանն աշխարհի հնագույն քաղաքներից է եւ արագորեն վերածվում է թվային տեխնոլոգիաների եւ նորարարության տարածաշրջանային կենտրոնի»,- նշում է CNN-ի լրագրողը «Երեւան. պատմության եւ տեխնոլոգիայի միջեւ» խորագրով տեսանյութում:

Հեռուստաալիքի նկարահանող խումբը հաղորդման շրջանակում այցելում է նաեւ «ԱրմԹաբ» գործարան:

«Դուք, ամենայն հավանականությամբ, լսել եք iPad-ի մասին, իսկ ի՞նչ կասեք ԱրմԹաբ-ի մասին: Վերջինս Հայաստանի սեփական պլանշետ-համակարգիչն է՝ պատրաստված հայ մասնագետների կողմից հենց այստեղ՝ Երեւանում»,- պատմում է CNN-ի թղթակիցը:

Նրա խոսքով՝ Երեւանում ՏՏ ոլորտի բում է նկատվում՝ «համակարգիչներից մինչեւ ռոբոտաշինություն. բազմաթիվ նոր ստարտափներ են հիմնադրվում երիտասարդ կրթված հայերի կողմից»:



Անդրադառնալով երկրի տեխնոլոգիական ժառանգությանը՝ Rafa Solutions ընկերության տնօրեն Ռաֆայել Ղասաբյանը նշում է. «Կարելի է ասել, Հայաստանը Խորհրդային Միության Սիլիկոնյան հովիտն էր»:

Անդրադարձ է կատարվում նաեւ Triada Studio-ի Shadowmatic խաղին եւ Apple Design Awards-ին արժանանալուն:

«Մեզ համար շատ զարմանալի էր տեսնել, որ մարդիկ այդքան մեծ ուշադրություն են դարձնում մեզ: Մենք կարծես սպորտային թիմ լինեինք, որի համար ցավում էր ողջ Հայաստանը»,- պատմում է ընկերության տնօրեն Արա Աղամյանը:
 
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանն էլ ընդգծում է. «Որքան շատ ստարտափներ ունենանք, այնքան շատ ներդրումներ կգան Հայաստան: Իսկ երիտասարդ սերունդը չի սկսի ուղիներ փնտրել այս երկրից հեռանալու համար՝ աշխատանք գտնելու նպատակով»:

CNN-ի լրագրողը հավելում է, որ Վահան Շաքարյանն իր սեփական $3 մլն-ով է հիմնադրել ԱրմԹաբի արտադրությամբ զբաղվող ընկերությունը, «եւ հույս ունի, որ իր տեխնոլոգիան շուտով հասանելի կլինի ամբողջ աշխարհում…»: