15:33 | 23.11.15 | Նորություններ | 5408

Հայաստանում կսկսի գործել ՏՀՏ գործատուների միությունը

Հայաստանի ՏՀՏ ոլորտի մի շարք ընկերությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միությունը, որի նպատակն է ներկայացնել ու պաշտպանել ոլորտի գործատուների իրավունքներն ու շահերը:

Նորաստեղծ միության ծրագրերի եւ առաքելության մասին մամուլի ասուլիսի ընթացքում խոսել են «Յունիքոմփ» ՓԲԸ հիմնադիր նախագահ, ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Լիլիթ Գեւորգյանը:

Միությունը հնարավորություն կտա ամրապնդել ՏՀՏ ոլորտի գործատուների միջեւ փոխադարձ հարգալից վերաբերմունքը, աջակցել ոլորտի փոփոխվող պահանջներին օրենսդրության համապատասխանեցմանը, նպաստել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, դրա գործունեության համար բարենպաստ պայմանների ձեւավորմանը եւ խթանել ՏՀՏ ոլորտում ձեռներեցության զարգացումն ու նոր կազմակերպությունների ստեղծումը:

Միության հիմնական նպատակներից է աջակցություն ցուցաբերել ՏՀՏ եւ հարակից ոլորտների պահանջներին համապատասխանող կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը:

Մեծ ուշադրություն է դարձվելու միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը, միջազգային օլիմպիադաներին եւ ծրագրերին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությանը:

«Նորաստեղծ Միությունը կոչված է համագործակցելու տնտեսության տարբեր ոլորտների, հասարակական եւ կրթական կառույցների հետ, ապահովելով այդ ոլորտների առավել արդյունավետ զարգացումը»,-ասել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը: