15:27 | 04.11.15 | Նորություններ | 4782

Մեկնարկել է «ԱրմՌոբոտիքս»-ի երկու մրցույթների գրանցումը

Մեկնարկել է «ԱրմՌոբոտիքս»-ի շրջանակում անցկացվող «Ական փնտրող ռոբոտ» եւ «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթների դիմում-հայտերի գրանցումը:

«ԱրմՌոբոտիքս» մրցույթի կազմակերպիչը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (ԻՏՁՄ), աջակիցը՝ «Յուքոմ» ընկերությունը:

«Որպես ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցման ոլորտում գործող կազմակերպություն, մեր ընկերությունը չի կարող անմասն մնալ նմանատիպ պրոյեկտներից: Այս մրցույթները ոչ միայն նպաստում են մեր երկրում բարձրակարգ մասնագետների բացահայտմանը, այլ նաեւ մեծ նշանակություն ունեն Հայաստանի պաշտպանության ոլորտում: Մենք վստահ ենք, որ մրցույթների արդյունքում կստեղծվեն այնպիսի սարքավորումներ, որոնք կարող են ծառայել ի պաշտպանություն մեր հայրենիքի եւ օգտագործվել բանակում կամ այլ ոլորտներում»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է «Յուքոմ»-ի տնօրեն Հայկ Եսայանը:

Մրցույթները նպատակ ունեն բացահայտելու եւ խրախուսելու փորձառու հայ մասնագետներին, զարգացնելու ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում: Սարքերը լայն կիրառություն ունեն ինչպես ռազմական ոլորտում, այնպես էլ տնտեսության այլ ճյուղերում:

Մրցույթները կանցկացվեն 3 փուլով՝ գրանցման փուլ, կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ: Գրանցման փուլը կտեւի մինչեւ դեկտեմբերի 15-ը:

Հաղթող նախագծերը կորոշվեն առաջատար ինժեներ մասնագետների կողմից, իսկ հեղինակները կստանան խոշոր դրամական պարգեւատրումներ մրցույթի աջակից «Յուքոմ» ընկերության կողմից:

Մրցույթի գրանցման պայմաններին եւ տեխնիկական առաջադրանքներին կարելի է ծանոթանալ այստեղ: