12:22 | 23.10.15 | Նորություններ | 4585

Կկայանա «Բաց խաղ» 5-րդ առաջնության հանրային ցուցադրությունը

Հոկտեմբերի 24-ին` ժամը 12:00-17:00-ը, «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկում կկայանա «Բաց խաղ» համակարգչային խաղերի եւ բջջային խաղերի 5-րդ հոբելյանական առաջնության հանրային ցուցադրությունը:

«Բաց խաղ» առաջնությունը 5-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության եւ Օրանժ Արմենիա ընկերության համատեղ ջանքերով: Այս տարի մրցույթի գործընկերն է նաեւ Huawei ընկերությունը:

««Բաց խաղ» առաջնությունը տեղի է ունենում արդեն 5-րդ տարին անընդմեջ, եւ շատ ուրախ ենք տեսնել, որ այս ընթացքում այն իրոք դարձել է ավանդական եւ շատ սպասված իրադարձություն: Այս 5 տարիների ընթացքում բազմաթիվ ստեղծագործ գաղափարներ ու նախագծեր են կյանքի կոչվել. այս տարին բացառություն չէ, այնպես որ հրավիրում ենք բոլորին վաղվա ցուցադրությանը՝ ծանոթանալու մեր տաղանդավոր մասնակիցների պատրաստի նախագծերին: Մասնակիցների համար այս տարի եւս ունենք անակնկալ, նրանցից 3-ը հնարավորություն կունենան վերապատրաստվել մեր ընկերությունում եւ ուղղակիորեն ծանոթանալ ու մասնակից լինել մեր մասնագիտական թիմերի իրականացրած նախագծերին»,- ասել է Օրանժ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

«Ուրախ ենք, որ Օրանժ Արմենիա ընկերության աջակցության շնորհիվ արդեն 5 տարի շարունակ կարողանում ենք բացահայտել մեր տաղանդավոր երիտասարդներին եւ դրանով իսկ սնուցել հայկական խաղային ինդուստրիան»,- ասել ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Բաց խաղ» առաջնությանը ներկայացվել է 30 նախագիծ, իսկ 4-րդ՝ եզրափակիչ փուլ անցել տասը:

Հաղթողներին սպասվում են մրցանակներ Օրանժ Արմենիա եւ Huawei ընկերությունների կողմից: