12:09 | 22.10.15 | Նորություններ | 2673

Հայկական ՏՀՏ ընկերությունները գործնական հանդիպումներ են ունեցել Եվրոպայում

«Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի շրջանակում Եվրոպայում շրջագայող 26 հայկական ընկերությունները հանդիպումներ են ունեցել Վիեննայում, Պրահայում, Կատովիցեում, Բեռլինում, Բրյուսելում եւ Փարիզում:

Նրանք ներկայացրել են Հայաստանը՝ որպես բարձր տեխնոլոգիաների պետություն, հնարավոր ներդրումային միջոցները եւ ՏՏ ոլորտի զարգացումը, մասնակցել գործարար (B2B) հանդիպումների:

Ավտոարշավի կազմակերպիչ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունում նշել են, որ հոկտեմբերի 13-ին Պրահայի տեխնոլոգիական ակադեմիայի կենտրոնում տեղի է ունեցել հայ-չեխական բիզնես հանդիպումը, իսկ հոկտեմբերի 14-ին հայկական պատվիրակությունը ժամանել է Կատովիցե, որտեղ մասնակցել է փոքր եւ միջին ձեռնարկությունների 5-րդ Եվրոպական կոնգրեսին:

Գործարար հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել մի քանի նախնական համաձայնագրեր եվրոպական գործընկերների հետ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին մեկնարկած ավտոարշավի մասնակիցները 32-օրյա գործնական այցելությամբ շրջում են 15 եվրոպական երկրներում:

Ծրագիրը համատեղ իրականացնում են «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը («Թի-Էս-Դի») եւ «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» («Էն-Թի-Ի-Էֆ») հայկական բարեգործական հիմնադրամը` ՀՀ կառավարության, «Լոֆթ» եւ «Սիթիմոբիլ» ընկերությունների հետ համատեղ: