09:42 | 22.10.15 | Նորություններ | 4635
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» աջակցությամբ Տավուշի մարզի Մովսես գյուղում ավարտին է հասցվել Ավալյանների կիսակառույց տան շինարարությունը:
Ավալյանների ընտանիքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ֆինանսավորվող եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում ընդգրկվել է 2015թ. գարնանը:
Բնակարանամուտի արարողությանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
«Հակառակորդի աչքի առաջ շինարարություն ծավալելը նրա դեմ պայքարի լավագույն տարբերակներից է: Դա նրանց ուղղված հստակ ուղերձ է այն մասին, որ հայը շարունակելու է մնալ, արարել իր հայրենի հողում եւ ընդառաջ չի գնալու գյուղը լքելու հակառակորդի ցանկությանը: Սահմանամերձ գյուղում ապրելու հանգամանքը մովսեսցուն դարձրել է առավել ամուր եւ զգոն: Մենք այստեղ ենք, որպեսզի միասին նշենք Ավալյանների բնակարանամուտը եւ վստահություն հաղորդենք մյուս ընտանիքներին: Մենք ձեր կողքին ենք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Այգեպար գյուղերում բնակարանաշինության ծրագրով այս տարի աջակցություն է ստացել 11 ընտանիք:
Ծրագրի իրականացման համար 2015թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն դրամի ներդրում է կատարել: