11:54 | 12.10.15 | Նորություններ | 1790

Բացվել է «ԱրմԹեք-2015» համաժողովը

Այսօր բացվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների «ԱրմԹեք-2015» 8-րդ գործարար համաժողովը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, համաժողովի բացմանը ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«2008-2014 թթ. ընթացքում  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 15-20 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաեւ ՀՀ կառավարության կողմից ոլորտում տարվող արդյունավետ քաղաքականությամբ: Հայաստանում ներկայում գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթ», «Սիսկո», «Դ-Լինկ», «Օրաքլ», «Սինոփսիս», «Մենթոր Գրաֆիքս» եւ այլ ընկերությունները:  «Մայքրոսոֆթ» եւ «ԱյԲիԷմ» ընկերությունների հետ համատեղ Հայաստանում հիմնվել ու հաջողությամբ գործում են նաեւ «Մայքրոսոֆթ» ինովացիոն եւ Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնները»,- ասել է վարչապետը:

Նա ընդգծել է, որ ՏՏ ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունումից հետո մի քանի ամսվա ընթացքում ստեղծվել է 50 սկսնակ ընկերություն եւ 200-ից ավելի նոր աշխատատեղ:

Հովիկ Աբրահամյանը կարեւորել է ոլորտի տարածքային համաչափ զարգացումը: Որպես նշվածի ապացույց, նա թվարկել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Կապանի շարժական լուծումների լաբորատորիան, ինչպես նաեւ նոր ստեղծվող Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը:
 
ԱրմԹեք-ին զուգահեռ անցկացվելու են Գիտության, տեխնոլոգիաների եւ ձեռներցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆրեանս ու «Մաքուր տեխնոլոգիաներ. Հայաստան» բիզնես գաղափարների մրցույթի 2015թ. ամփոփիչ միջոցառումը: 
 
Համաժողովը կազմակերպվել է ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ ՁԻՀ-ի կողմից: Հովանավորներն են PicsArt, National Instruments ընկերությունները, Քրոնիմետ բարեգործական հիմնադրամը, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդը: Գործընկերներն են՝ Մայքրոսոֆթը, Վիասֆեր տեխնոպարկը, Սինոփսիս Հայաստանը, ՄԱԱԶԿ (UNIDO)-ն, CRDF-ը, Ֆիլիպ Մորիս Հայաստանը, Ֆայնբեռգը եւ Գրին Թրավելը: