12:32 | 10.10.15 | Նորություններ | 1456

«Այբ»-ում բացվել են Հայաստանում առաջին ֆաբլաբերը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Այբ» կրթական ավանում մասնակցել է Հայաստանում առաջին արհեստանոց-լաբորատորիաների՝ ֆաբլաբերի բացման եւ «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողություններին:

Հատուկ սարքավորումներով եւ անհրաժեշտ նյութերով հագեցած առաջին ֆաբլաբերը հնարավորություն կտան խթանելու ինչպես «Այբ» դպրոցի եւ Դիլիջանի կենտրոնական դպրոցի շրջանակներում արտադրական ձեւանմուշների ստեղծման գիտահետազոտական աշխատանքները ռոբոտաշինության, ֆիզիկայի, տեխնոլոգիայի, մեքենաշինության եւ այլ ոլորտներում, այնպես էլ հետազոտությունների նոր հարթակ կստեղծեն հայ երիտասարդ գիտնականների համար:

Նորարարական լաբորատորիաների ներդրման ծրագիրը կյանքի է կոչվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ «Այբ» հիմնադրամի համագործակցության շնորհիվ եւ ՀՀ Կենտրոնական բանկի ու ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ:

«Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքը նախատեսված է 5-9-րդ դասարանցի 180 աշակերտների համար: Այն քառահարկ է լինելու՝ 4200 քմ ընդհանուր մակերեսով, կունենա բազմաթիվ լաբորատորիաներ ու արհեստանոցներ, արվեստի ու արհեստի ստուդիաներ, մարզասրահ, դահլիճ-ամֆիթատրոն, հանգստի եւ խաղի գոտիներ:

Մասնաշենքի բացումը նախատեսվում է 2016 թվականի սեպտեմբերին: