12:43 | 08.10.15 | Հոդվածներ | exclusive 10825

Pulpulak.club. Գտիր քեզ ամենամոտ ցայտաղբյուրը

Հայկական Pulpulak.club կայքը հնարավորություն է տալիս առցանց գտնել քեզ ամենամոտ ցայտաղբյուրը:

Նախագիծն օրերս հաղթող է ճանաչվել է #createTogether հաքաթոնում:

Գաղափարի հեղինակը Wakie հավելվածի համահիմնադիր Հրաչիկ Աջամյանն է: Թիմում են Դավիթ Տիգրանյանը (դիզայն), Գեւորգ Աբլաբությանը (Back-End programming) եւ Վարդան Բաղդասարյանը (Front-End programming): 

Հրաչիկ Աջամյանը Itel.am-ին պատմել է, որ մեկ գիշերվա ընթացքում մտածել եւ ստեղծել են «կյանքի համար օգտակար մի կայք, որն օգնում է ծարավ մարդուն գտնել իր ցայտաղբյուրը»:

«Բացում ես կայքը, այն ավտոմատ հասկանում է, թե որտեղ ես դու այդ պահին եւ ըստ այդմ քարտեզի վրա գծում դեպի մոտակա ցայտաղբյուր տանող երթուղին: Նշվում է նաեւ, թե քանի րոպե կպահանջվի քեզանից հասնելու քեզ ամենամոտ ցայտաղբյուրին: Կարող ես տեսնել նաեւ Երեւանի մյուս ցայտաղբյուրները, ընտրել քեզ հարկավորը, եւ քարտեզը ցույց կտա, ինչպես եւ քանի րոպեում հասնել այնտեղ»,- նշել է Հրաչիկ Աջամյանը:

Նա պատմել է, որ օգոստոսից Երեւնում է եւ շատ հաճախ ցայտաղբյուրներ է փնտրում:

«Փնտրում եմ, քանի որ շատ եմ սիրում այստեղի ջուրը: Իմ պես մարդկանց համար, որոնք Երեւանն այնքան էլ լավ չգիտեն, սա շատ օգտակար գործիք է»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ ցանկացել են միանգամից մոբայլ հավելված պատրաստել, սակայն այդ գիշերվա ընթացքում մոբայլ դեվելոփեր (mobile developer) գտնել չի հաջողվել: 

«Կայքը աշխատում է հավելվածի պես եւ շատ հարմար է մոբայլ սարքերից օգտագործման համար: Եթե տեսնենք, որ հետաքրքություն կա, առաջիկայում նաեւ առանձին հավելված կպատրաստենք»,- տեղեկացրել է Հրաչիկ Աջամյանը:

Նա խորհուրդ է տվել նաեւ ավելի հաճախ օգտվել Երեւանի ցայտաղբյուրներից, ինչը, նրա խոսքով, բացառիկ երեւույթ է եւ հասանելի շատ քիչ երկրներում:

Նարինե Դանեղյան