10:50 | 01.10.15 | Հոդվածներ | exclusive 2064

Social Good Talks. Հայաստանի սոցիալական ստարտափները

Սեպտեմբերի 27-28-ը աշխարհի ավելի քան 100 երկրում անցկացվել է Սոցիալական նպատակների գագաթաժողովը (Social Good Summit), որի ընթացքում ակտիվիստները, ստեղծագործ մարդիկ, փորձագետներն ու առաջնորդներն ուսումնասիրել եւ քննարկել են, թե ինչպես են նոր տեխնոլոգիաներն ու մեդիա գործիքները օգնում հասնելու «Կայուն զարգացման նպատակներին»:

Հայաստանում այդ միջոցառման շրջանակում սեպտեմբերի 28-ին կայացել է Social Good Talks-ը, որի ընթացքում առաջին անգամ ներկայացվել են ՄԱԶԾ/ Կոլբա նորարարական լաբորատորիայի մեթոդաբանությամբ մշակված սոցիալական ստարտափները։

Երեք ստարտափներից յուրաքանչյուրն առաջարկում է լուծումներ՝ այնպիսի կարեւոր խնդիրների շուրջ, ինչպիսիք են սոցիալական անարդարությունը, հաշվետու կառավարման համակարգը եւ արդյունավետ քաղաքային ենթակառուցվածքները։



Padavat.am


Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-փորձագետ Լիանա Դոյդոյանը Padavat.am-ը բնութագրում է որպես ծառայողական մեքենաների հանրային մոնիտորինգի հարթակ:

«Սա պաշտոնական ծառայողական մեքենաների հանրային մոնիտորինգի հարթակ է, որը թույլ կտա հայտնաբերել եւ հանրայնացնել պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերը՝ մասնավորապես ծառայողական մեքենաների օգտագործման մասով»,- նշել է նա:

Հարթակը լրացնում են քաղաքացիները: Ոչ պետական հիմնարկների մոտ կայանված ծառայողական մեքենաների հանդիպելու դեպքում պետք է դրանք լուսանկարել եւ մոբայլ հավելվածի կամ կայքի միջոցով տեղադրել «Ավելացնել խախտում» բաժնում:  

Նախատեսված է, որ հավաքագրված ինֆորմացիան կհանրայնացվի մամուլի եւ սոցիալական ցանցերի միջոցով եւ պարբերաբար կփոխանցվի էթիկայի հանձնաժողով՝ ուսումնասիրելու նպատակով:

Կայքի «Պետհամարանիշներ» բաժնում կարելի է գտնել պետական ծառայողական համարանիշները: Այս տվյալների բազան պարբերաբար թարմացվում է:

Padavat.am-ը գործում է նաեւ հավելվածի տեսքով: Այն հասանելի է App Store-ում եւ Google Play-ում:

Smart City

«Համայնքային զարգացման նորարարական կենտրոն» հասարակական կազմակերպությունը ստեղծել է տեխնոլոգիական հնարավորություններով հագեցած, շարժուն հաղորդակցային համակարգ ունեցող, ապահով, հարմարավետ եւ մաքուր տարածքով փոքրիկ ավան:

Ինչպես նշում է ՀԿ-ի նախագահ Կարեն Երզնկանյանը, ավանը գտնվում է Բուսաբանական այգու հարակից տարածքում:

«Smart City-ի գաղափարի հիմքում ընկած են առաջնային եւ շարունակական կրթության, կյանքի նոր տեխնոլոգիական մակարդակի, շրջակա միջավայրի պահպանության, կոմունալ ծառայությունների մատուցման նոր գործիքների առկայության, ավանի կառավարման գործընթացներին հանրային մասնակցության գաղափարները»,- նշել է նա: 

Կարեն Երզնկանյանի խոսքով՝ վերջին տարիներին արեւմուտքում լայնորեն կիրառվում է «խելացի հանրության» մոդելը, որը դիտարկվում է նորագույն հաղորդակցային տեխնոլոգիաների օգտագործմամբ կյանքի որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների համատեքստում:

Նման միկրոշրջանները նախատեսում են բնակության այնպիսի միջավայրի գոյություն, որը կունենա նոր ենթակառուցվածքային էլեմենտներ ու ծառայություններ, ինչպես նաեւ հանրային շփման ակտիվ միջավայր:

Երեւանի հանրային տրանսպորտի հասանելիության քարտեզ

Որ երթուղայինը որտեղից ուր է գնում եւ մոտավորապես ինչ ժամանակում. Կանադայից Հայաստան տեղափոխված տրանսպորտային ինժեներ Արթուր Դոլմաջյանը մշակել է Երեւանի հանրային տրանսպորտի հասանելիության քարտեզ:

Պատրաստ լինելուն պես ինտերակտիվ քարտեզը կպարունակի երթուղիների, ավտոբուսի կանգառների, մետրոյի ժամանակացույցի մասին առցանց տեղեկատվություն: 

Աշխատանքներին աջակցում է Երեւանի քաղաքապետարանը:

Նարինե Դանեղյան