11:06 | 25.09.15 | Հոդվածներ | exclusive 4215

Dictoro. Ինքդ քեզ բուքմեյքեր

Գործարկվել է հայկական Dictoro սպորտային հարթակը, որտեղ կարելի է կանխատեսել ֆուտբոլի եվրոպական առաջնությունների հանդիպումների հաշիվները, կախված կանխատեսման ճշգրտությունից՝ ստանալ միավորներ՝ մասնակցելով կայքում հայտարարված տարբեր մրցույթների:

Հարթակի հիմնադիրը Հայկ Արամյանն է, որը Itel.am-ի հետ զրույցում Dictoro-ն բնութագրել է որպես պարզ խաղ, որը հնարավորություն է տալիս ստուգելու կանխատեսումներ անելու սեփական կարողությունները եւ մրցելու մյուս մասնակիցների հետ:

«Առաջնության առաջին երեք տեղերը գրաված մասնակիցները ստանում են ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների պատկերներով մրցանակներ, որոնք երեւում են նրանց անձնական էջերում: Թիրախում առայժմ միայն ֆուտբոլային հանդիպումներն են, սակայն որոշ ժամանակ անց նախատեսում ենք նաեւ այլ սպորտաձեւեր ընդգրկել»,- նշում է Հայկ Արամյանը:

Նախագծի վրա Հայկ Արամյանն առայժմ միայնակ է աշխատում, օգնում են ընկերները:

Նրա խոսքով՝ միտքն առաջացել է այն ժամանակ, երբ ընկերոջ հետ գրասենյակում՝ թուղթ ու գրիչ ձեռքներին, հերթով հարցրել եւ գրանցել են իրենց գործընկերների՝ Եվրո 2012-ի հանդիպումների կանխատեսումները:

«Մտածեցինք՝ ինչո՞ւ չավտոմատացնել այդ ամենը՝ տալով գեղեցիկ եւ հարմար ինտերֆեյս, եւ ներգրավելով բոլոր հանդիպումները: Այդպես երկու օրում պատրաստեցի նախագծի առաջին տարբերակը: Պարզվեց, որ մարդկանց դա հետաքրքիր է, նրանք մտնում եւ կանխատեսումներ են անում: Հանգամանքների բերումով` մոտ 1.5 տարի այդ տարբերակը զարգացնելուց հետո դադարեցրի նախագիծը, սակայն այս ամառ կրկին վերադարձա այդ մտքին»,- պատմում է Հայկ Արամյանը:

Առաջիկայում հարթակը կունենա նաեւ Android եւ iOS համակարգերի համար պատրաստված տարբերակներ:

Նարինե Դանեղյան