15:56 | 01.10.15 | Նորություններ | 7818

11-րդ ԴիջիԹեք-ին կմասնակցի 170 ընկերություն

Վաղը մեկնարկող 11-րդ ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների թիվն ավելացել է՝ 130-ից հասնելով 170-ի: Ակնկալվում է 40 հազ. մարդու այցելություն:

ԴիջիԹեք 2015-ի պլատինե հովանավորն է «Յուքոմ» ընկերությունը, կազմակերպիչը՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ):

«Այս տարի «Յուքոմ»-ը կրկին կներկայանա յուրահատուկ տաղավարով, նոր անակնկալներով եւ նորարարական առաջարկներով: Շատ չբացելով փակագծերը՝ նշեմ, որ այս տարի կներկայացնենք IP հեռուստատեսության նոր ժամանակակից լուծումներ, ինչպես նաեւ չորրորդ սերնդի 4G/LTE ցանց: Մեր ընկերությունը թեւակոխել է զարգացման նոր փուլ: Շուտով մեր բաժանորդներին ներկայանալու ենք նոր, շատ հետաքրքիր եւ գրավիչ առաջարկներով»,- ասել է «Յուքոմ»-ի տնօրեն Հայկ Եսայանը:
 
ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ բացի տեղական եւ միջազգային շուկայում հաջողություններ գրանցած ընկերություններից՝ մասնակցում են ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից, Թայվանից, Ռոսւստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից եւ Իրանից (Ericsson, Huawei, Keysight Technologies, Calix եւ այլն):

Կարեն Վարդանյանը տեղեկացրել է, որ շրջաններից էքսպոյին մասնակցելու է մի քանի հարյուր երեխա, որոնք զբաղվում են ռոբոտաշինությամբ եւ խաղերի ստեղծմամբ:

Հյուսիսային Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում Ericsson ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Կիրլ Մոռոզովն էլ նշել է, որ ցուցահանդեսը յուրահատուկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս քննարկել թվային ենթակառուցվածքների ապագա զարգացումները եւ ժամանակակից տեխնոլոգիաների իրականացման անհրաժեշտ ճանապարհները:

ԴիջիԹեք 2015-ի շրջանակում կկայանա շախմատային հանդիպում հայ անվանի գրոսմայստերների եւ մեր հայրենակցի ստեղծած համակարգչային շախմատային ծրագրի միջեւ: Կանցկացվեն նաեւ ԴիջիԼայֆ սեմինարներ, խաղային հաքաթոն, RoboFest եւ այլն: