09:25 | 19.09.15 | Նորություններ | 1529

Սյունիքում բացվել են չորս ինժեներական լաբորատորիաներ

Սյունիքի մարզի Գորիս, Տաթեւ, Հալիձոր եւ Շինուհայր համայնքների դպրոցներում նոր ուսումնական տարվանից սկսած ինժեներական լաբորատորիաներ  են գործում:

Դրանք հիմնադրվել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Լաբորատորիաների բացման հանդիսավոր արարողությունը սեպտեմբերի 18-ին կայացել է Տաթեւ համայնքի դպրոցում:

Լաբորատորիաների հիմնումը աշակերտներին հնարավորություն է տալիս ժամանակակից ինժեներական հմտություններ ձեռք բերել, ինչպես նաեւ նպաստում է երեխաների  տեխնոլոգիական մտածողության զարգացմանն ու հետագա մասնագիտական կողմնորոշմանը: Երեւանում եւ մարզերում արդեն գործում են ավելի քան 80 ռոբոտաշինական խմբակներ, որոնցից 10-ը կահավորված են «Նաիրի» լաբորատորիաներով:

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության այս նախաձեռնությունը հետաքրքիր է ու շատ կարեւոր՝ հեռավոր համայնքներում բնակվող երեխաների համար: Նման լաբորատորիաների առկայությունը նաեւ հետաքրքրություն է առաջացնում ինժեներական մասնագիտության նկատմամբ, որի պահանջարկը ներկայումս շուկայում բավականին մեծ է: IDeA հիմնադրամը, որն իրականացնում է «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը, մեծ նշանակություն է տալիս ծրագրում ընդգրկված համայնքների սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ կրթական բաղադրիչի զարգացմանը: Համոզված ենք, որ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով լուրջ արդյունքների կհասնենք»,- ասել է IDeA հիմնադրամի  գլխավոր տնօրենի պաշտոնակատար Էդգար Մանուկյանը:

Լաբորատորիայում տեղադրված «Գուգարք» մինի-համակարգիչները՝ իրենց օպերացիոն համակարգերով, եռաչափ տպիչը եւ մնացած բոլոր սարքերն արտադրված են Հայաստանում, ինչը նպատակ ունի երեխաների շրջանում ամրապնդել «Արտադրված է Հայաստանում» կարգախոսը:

Նորաստեղծ չորս լաբորատորիաներում ընդհանուր առմամբ ներգրավված կլինի շուրջ 50 աշակերտ, ուսուցիչները նույնպես ընտրվել են  համապատասխան մասնագիտական կրթություն եւ հմտություններ ունեցող տեղաբնակ մասնագետներից: