10:16 | 10.08.15 | Նորություններ | exclusive 3703

«Up, Ball, Up». Plexonic-ը նոր խաղ է գործարկել

Խաղերի ծրագրավորմամբ զբաղվող Plexonic հայկական ընկերությունը գործարկել է «Up, Ball, Up» մոբայլ խաղը:

Այն հասանելի է App Store-ում եւ Google Play-ում:

Plexonic-ի տնօրեն Գեւորգ Սարգսյանը Itel.am-ին պատմել է, որ թեեւ խաղն առաջին հայացքից հեշտ է թվում, այնուամենայնիվ, այն բավական բարդ է:

Խաղի ընթացքում հարկավոր է գնդակը բարձրացնել որքան հնարավոր է վերեւ՝ ճանապարհին հաղթահարելով անդադար փոփոխվող խոչնդոտները, շրջանցելով փշերն ու անցնելով լայն ու նեղ դարպասների միջով: Յուրաքանչյուր անցած դարպասի համար միավորներ են հավաքվում: Գնդակը վերեւ թռցնելու համար անհրաժեշտ է էկրանի վրա մատով գիծ քաշել. հարվածելով գծին՝ գնդակը կցատկի վերեւ: Թռիչքի ուղղությունը կախված է գծի թեքությունից:

«Վստահ ենք, որ մեր խաղը կգրավի մարդկանց: Դեռեւս ստեղծման փուլում մենք ինքներս էլ տարվել էինք մեր նոր խաղով, նույնիսկ թիմակիցներով մրցում էինք, թե ով ավելի շատ միավոր կհավաքի»,- նշել է Գեւորգ Սարգսյանը:

«Up, Ball, Up» խաղի պրոդյուսեր Հայկ Ֆելեքյանն իր հերթին խաղի լավագույն կողմերից է համարում դրա միաժամանակ պարզ եւ բարդ լինելը.

«Պարզ է, քանի որ ցանկացած ոք կարող է այն խաղալ, եւ միաժամանակ բարդ է, քանի որ կարող է շաբաթներ շարունակ խաղացողներին պահել հաճելի լարվածության մեջ՝ անընդհատ նորանոր խոչնդոտներ առաջարկելով եւ ստիպելով կրկին վերադառնալ խաղ՝ գերազանցելու նախորդ օրվա ռեկորդը: Ավելին, խաղը թույլ է տալիս ձեր արդյունքները կիսել ընկերների հետ՝ արթնացնելով նրանց մրցակցային ոգին»,- ընդգծել է Հայկ Ֆելեքյանը:

Նարինե Դանեղյան