18:10 | 06.08.15 | Նորություններ | 4076

Beeline-ն ամփոփել է երկրորդ եռամսյակի արդյունքները

Beeline-ն ամփոփել է ընկերության 2015թ. երկրորդ եռամսյակի ֆինանսական եւ գործառնական արդյունքները:

EBITDA margin ցուցանիշն աճել է 5,3 տոկոսային կետով ընթացիկ տարվա առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատությամբ եւ կազմել 40,5%: EBITDA ցուցանիշը երկրորդ եռամսյակում կազմել է 11 մլն դոլար, ինչը 2 մլն դոլարով գերազանցում է առաջին եռամսյակի նույն ցուցանիշը եւ 5 մլն դոլարով` նախորդ տարվա չորրորդ եռամսյակի ցուցանիշը:

«Ընկերությունը շարունակում է գրանցել բջջային հատվածում բաժանորդային բազայի, բջջային ինտերնետի ծառայություններից ստացված եկամուտի աճ եւ բաժանորդների արտահոսքի զգալի կրճատում: Այսպես, 2015 թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով Հայաստանում Beeline բջջային կապի բաժանորդների թիվը գերազանցում է 815 000-ը, ինչը մոտ 20 000-ով գերազանցում է առաջին եռամսյակի նույն ցուցանիշը: Բջջային հատվածում բաժանորդների արտահոսքը 2015 թ. երկրորդ եռամսյակում գրանցել է վերջին երեք տարիների համար ռեկորդային ցուցանիշ: Այն կազմում է 8,5%»,- ասված է հաղորդագրությունում:

«Ամփոփելով եռամսյակի արդյունքները` կարելի է ասել, որ Beeline-ը Հայաստանում ոչ միայն համապատասխանում է շուկայի զարգացման համաշխարհային միտումներին, այլ նաեւ բաժանորդներին առաջարկում է որակյալ, պարզ եւ հարմար ծառայություններ, որոնցից նրանք պատրաստ են օգտվել եւ երաշխավորել դրանք իրենց ծանոթներին եւ հարազատներին։ Բաժանորդային բազայի եւ հիմնական ֆինանսական ցուցանիշների աճը նույնպես վկայում են այն մասին, որ մեր հաճախորդները էլ ավելի պատրաստակամ են երաշխավորելու մեր ծառայությունները»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline բջջային ինտերնետից օգտվողների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 12 000-ով, իսկ բաժանորդի կողմից հեռախոսով օգտագործվող տրաֆիկի միջին ծավալը նույն ժամանակահատվածում երկու անգամ աճել է: Մեկ տարվա ընթացքում բաժանորդային բազայում սմարթֆոնների մասնաբաժինն ավելացել է 10%-ով:

2015 թ. առաջին եռամսյակում Beeline-ի կատարած կապիտալ ներդրումները կազմել են 2 մլն դոլար։ Ֆիքսված կապի ծառայություններից ստացված ընդհանուր եկամուտը տարվա կտրվածքով նվազել է 11%-ով, ինչը պայմանավորված է ծառայության նկատմամբ պահանջարկի նվազման գլոբալ միտումով: