15:22 | 06.08.15 | Նորություններ | 997
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնել է «Ինժեներական խմբակ-լաբորատորիաների հիմնում ՀՀ հանրակրթական համակարգում» ծրագիրը:
Նպատակն է ուժեղացնել տեխնիկական կրթության բազան, ուղղորդել դպրոցականների մասնագիտական կողմնորոշումը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ՝ ընդլայնելով ՏՏ ոլորտը:
ԻՏՁՄ-ում նշել են, որ նախաձեռնությունը, որի մաս է կազմում «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագիրը, կարճ ժամանակում կարող է էական զարգացում ապահովել Հայաստանի տեխնոլոգիական զարգացման ասպարեզում՝ նրան հասցնելով ժամանակի առաջադեմ դիրքերին։
«Այսօր աշխարհում շուրջ 2 մլն ՏՏ թափուր աշխատատեղ կա, ուստի որքան որակյալ մասնագետ պատրաստենք, այդքան աշխատատեղ կունենանք Հայաստանում: Հենց այդ նպատակով էլ մենք պատրաստում ենք ինժեներական լաբորատորիաներ, որոնք նախատեսված են 5-12-րդ դասարանի աշակերտների համար: Արդեն դպրոցից հետո նրանց աշխատանքի վարձատրության շուկայական արժեքը կկազմի 150-200 հազար դրամ»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նա պատմել է, որ ամեն օր հանդիպումներ են կազմակերպում ՏՏ ոլորտի ընկերությունների հետ՝ վերջիններիս ինժեներական ծրագրերի իրականացմանը մասնակից դարձնելու նպատակով: Ծրագրին միացած ընկերությունները համագործակցում են Հայաստանի դպրոցների հետ, բարձրացնում դպրոցականների հետաքրքրությունը ՏՏ ոլորտի նկատմամբ, ինչպես նաեւ իրենց ապագա աշխատողներին ընտրում հենց այդ դպրոցներից:
«Ինժեներական կրթության տարիքի իջեցումը համաշխարհային գործընթաց է, եւ երկրները նոր մրցավազքի մեջ են մտել՝ հսկայական շուկաներ գրավելու ակնկալիքով։ Մենք հրաշալի մոդել ենք մշակել, սակայն եթե հապաղենք, կարող ենք մեկընդմիշտ հետ ընկնել»,-նշել է Կարեն Վարդանյանը։
Կարեն Վարդանյանի խոսքով` լաբորատոր սարքերը արտադրվում են Հայաստանում, ինչը երեխաներին տալիս է այն գիտակցությունը, որ ապրում են բարձր տեխնոլոգիական երկրում:
«Մեր նպատակն է, որպեսզի աշակերտները սիրեն իրենց հայրենիքը եւ չլքեն Հայաստանը: Այս ծրագրերի նպատակներից է նաև արտագաղթի նվազեցումը»,- եզրափակել է նա:
Նշենք, որ 2015-2018թթ. Հայաստանի բոլոր դպրոցներում նախատեսվում է ներդնել համապատասխան ենթակառուցվածք եւ պատրաստել դասավանդողների: