17:34 | 24.07.15 | Նորություններ | 4152
Այսօր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Լուկաշին գյուղի բնակիչների հետ միասին մասնակցել են գյուղում վերջերս իրականացված ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրին նվիրված համայնքային միջոցառմանը:
«Դժվար թե որեւէ մեկին զարմացնի այն պնդումը, որ ջուրն ամենակենսական անհրաժեշտությունն է: Սակայն ավելի քան զարմանալի է այն կորովն ու համբերատարությունը, որ դրսեւորել են Լուկաշինի բնակիչները: Մարդիկ տասնամյակներ շարունակել են ապրել իրենց հողի վրա՝ դիմանալով խմելու ջրի միակ աղբյուր հանդիսացող ստորգետնյա հորից ջուր հայթայթելու ամենօրյա տանջալից աշխատանքին՝ հանուն հայրենի օջախում մի օր արժանապատվորեն ապրելու հույսի: Խոնարհվում եմ այս մարդկանց կամքի եւ առաքինության առջեւ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարզապես չէր կարող անտարբեր մնալ…»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ գյուղում ջրամատակարարման խնդիրը լուծվել է նոր, առավել դիմացկուն եւ հոսկորուստներ չունեցող խողովակների տեղադրման միջոցով համակարգի բարելավման ծրագրի իրականացմամբ: Գյուղն ընդգրկվել է «Նոր Ակունք» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում: Ջրամատակարումն ապահովող հին ոչ արդյունավետ պոմպերն այլեւս չեն օգտագործվում, եւ խմելու ջուրը ներկայում մատակարարվում է Արմավիրի ջրամբարից՝ ինքնահոս եղանակով: Համակարգի բարելավման արդյունքում բնակիչները նախկին օրական 2 ժամի փոխարեն այժմ ունեն շուրջօրյա կայուն ջրամատակարարում:
Նախնական գնահատումների համաձայն՝ համայնքը տարեկան կխնայի մոտ 421 119 մ3 ջուր եւ 102 240 կվժ էլեկտրաէներգիա: