Հուլիսի 11-ին եւ 12-ին Երեւանում կայացած տեխնոլոգիական ուիքենդի շրջանակում 11 հայկական թիմ մասնակցել է IBM BlueMix cloud հաքաթոնին:
Դրանցից երկուսը` Vulpex-ը եւ Simplex-ը, ժյուրիի կողմից ճանաչվել են լավագույնը՝ յուրաքանչյուրն արժանանալով 500-հազարական դրամ մրցանակի: Խրախուսական մրցանակի՝ երկու սմարթֆոնի է արժանացել Brainstorm թիմը:
Միջոցառման կազմակերպիչը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն էր՝ IBM Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի շրջանակում: Հովանավորներն էին «Նիկիտա Մոբայլ», «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերությունները եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը:
«Ուրախալի է, որ չնայած երիտասարդ տարիքին՝ բոլոր մասնակիցները հետաքրքիր եւ նորարարական լուծումներով հանդես եկան եւ IBM Bluemix պլատֆորմն էլ ավելի լայն հնարավորություններ ընձեռեց նրանց՝ սեփական գաղափարները ծրագրավորելու եւ ներկայացնելու հարցում»,- նշել է «Ռոստելեկոմ Հայաստան»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
«Շատ հետաքրքիր մրցույթ էր, ինչը թիմերին դրդում էր էլ ավելի ջանասիրաբար աշխատել ու արդյունքում լուրջ մրցակցություն էր ընթանում: Առհասարակ, cloud պլատֆորմի վրա հիմնված հաքաթոնը միշտ ստիպում է թիմին նոր ուղղությամբ մտածել ու զուգահեռաբար ձեռք բերել նաեւ նոր գիտելիքներ»,- իր հերթին ասել է Simplex թիմի անդամ Նաիրի Նարինյանը:
Նշենք, որ Simplex-ը մշակել էր սոցիալական երաժշտական հարթակ, որտեղ ստեղծվող երաժշտությանը կարող էին մասնակից լինել աշխարհի ցանկացած կետում գտնվող ոչ պրոֆեսիոնալ երաժշտության սիրահարները։