16:44 | 14.07.15 | Նորություններ | 3622

Orange Հիմնադրամի աջակցությամբ Շիրակի մարզում կգործարկվեն արտադրամասեր

Շիրակի մարզի Փանիկ գյուղում գործարկման են պատրաստվում կաթնամթերքի եւ մրգի վերամշակման արտադրամասեր:

Նախագիծը, որի շրջանակում Փանիկ գյուղի ավելի քան 200 ընտանիք մինչեւ տարվա վերջ բնամթերքը վերամշակելու եւ հավելյալ եկամուտ ապահովելու հնարավորություն կստանա, իրականացվում է Հայկական Միջմասնագիտական Միջազգային խմբավորման (G2iA), Ֆրանսիայի Ռոն-Ալպ տարածաշրջանի եւ Orange Հիմնադրամի համատեղ ջանքերով:

2014թ. մեկնարկած աշխատանքների արդյունքում համայնքում արդեն հիմնվել է սպառողական կոոպերատիվ: Կաթնամթերքի արտադրամասը շուտով կհանձնվի շահագործման, իսկ աշնանը շահագործման կհանձնվի նաեւ մրգի վերամշակման արտադրամասը:

Այսօր G2iA-ի եւ Orange Հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Փանիկ՝ ծանոթանալու արտադրամասի նախապատրաստական աշխատանքներին:

«Orange Հիմնադրամի գործունեության կարեւորագույն ուղղություններից մեկը գյուղական համայնքների զարգացման ծրագրերի իրականացումն է: Վերջին տարիներին հատկապես մենք առավել ուշադրություն ենք դարձնում այն ծրագրերին, որոնք նպատակ ունեն գյուղական համայնքները տնտեսապես ուժեղացնել՝ կայուն աշխատատեղեր ու աշխատանքի հնարավորություններ ստեղծելով: Մասնավորապես, Տավուշի, Արագածոտնի եւ Սյունիքի մարզերում արդեն իրագործել ենք մի շարք գյուղատնտեսական ծրագրեր, որոնք հաջողությամբ են պսակվել: Ուրախ ենք մասնակից լինել նաեւ Փանիկի այս արտադրամասի ստեղծմանը: Վստահ ենք, որ այն նույնպես հաջողություն կունենա եւ կծառայի համայնքի տնտեսական զարգացմանը»,- ասել է Orange Հիմնադրամի քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը:

Նշենք, որ սա G2iA-ի, Ֆրանսիայի Ռոն-Ալպ տարածաշրջանի եւ Orange Հիմնադրամի առաջին համագործակցությունը չէ: 2014թ. վերջիններիս, ինչպես նաեւ Օքսֆամ եւ CARE կազմակերպությունների աջակցությամբ Տավուշի մարզի Այրում համայքնում գործում է «Այրում ֆրութս» մրգի եւ հատապտուղների վերամշակման գործարանը: