17:06 | 14.07.15 | Նորություններ | 1892

«Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթն ընդունում է հայտեր

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) սկսել է «Գաղափարից դեպի շուկա» ամենամյա մրցույթի հայտերի ընդունումը:

Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում արդեն 9-րդ անգամ իրականացվող մրցույթը նախատեսված է նորարարների, սկսնակ ընկերությունների (startups), գիտնականների եւ տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցների համար: 

«Գաղափարից դեպի շուկա» մրցույթի կազմակերպիչներն են CRDF Global կազմակերպությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ ՁԻՀ-ը:

Նպատակն է խթանել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում, ինչպես նաեւ տեղեկատվական, հաղորդակցական եւ բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում նորարարական գաղափարների առեւտրայնացմանը:

ՁԻՀ-ում հայտնել են, որ հաղթող թիմերը CRDF Global-ից կստանան $6000, իսկ էկոնոմիկայի նախարարությունից՝ 2 մլն 800 հազ. դրամ:

Բացի տրամադրվող ուղղակի աջակցությունից՝ հաղթող թիմերին նաեւ կկցվեն մենթորներ ԱՄՆ-ից՝ գործարարության զարգացման եւ/կամ խորհրդատվության նպատակով։ Մենթորները նախապես կընտրվեն CRDF Global-ի գործարարության մենթորների ցանցից, որը կազմված է հաջողակ ձեռնարկատերերից, ներդրողներից եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներից:

Մասնակցության հայտերի վերջնաժամկետը օգոստոսի 8-ն է: Գրանցման մանրամասները հասանելի են այստեղ: