17:15 | 07.07.15 | Նորություններ | 3956
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ միջոցներ է ձեռնարկում իր բաժանորդներին հայտնի եւ հնարավոր հարձակումներից պաշտպանելու նպատակով:
Օրինակ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն արգելափակում է անցանկալի կարճ հաղորդագրությունների հոսքը իր բաժանորդներին (spam filter) եւ ժամանակավորապես արգելափակում է միակողմանի կամ երկկողմանի զանգերը՝ միջազգային ուղղություններով, եթե նկատվել են զանգվածային զանգեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների հեռախոսահամարներով:
Ընկերությունը համագործակցում է նաեւ իրավապահ մարմինների, հեռահաղորդակցության այլ օպերատորների, իր գործընկերների ու մատակարարների հետ:
«Բջջային խարդախության տեսակները բազմազան են եւ նպատակ ունեն դրդելու բաժանորդին այնպիսի քայլերի, որոնց հետեւանքով հնարավոր է դառնում գումար գանձել բաժանորդի հաշվեկշռից, ստանալ անձնական տվյալներ կամ անգամ մուտք գործել բանկային հաշիվ, եթե բաժանորդը հաճախ է օգտվում բանկային ծառայություններից՝ բջջային սարքի միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մի շարք խորհուրդներ է տալիս բջջային խարդախության չենթարկվելու համար, այն է՝ բջջային սարքերի համար սահմանել գաղտնաբառ, զերծ մնալ գաղտնաբառերը էլեկտրոնային նամակներում պահելուց, սարքը կորցնելու կամ գողացվելու դեպքում անմիջապես տեղեկացնել այդ մասին հաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությանը, զերծ մնալ անհայտ աղբյուրներից հավելվածներ տեղադրելուց եւ այլ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հիշեցնում է, որ ընկերության հետ կարելի է կապվել 111 թեժ գծի (այլ հեռախոսահամարներից` 093 297111093 297111) կամ «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի «111 օնլայն» էջի միջոցով: