Վարդան Մելիքսեթյանը
12:58 | 07.07.15 | Նորություններ | exclusive 1937
Հուլիսի 3-ին Երեւանում առաջին անգամ կայացել է Armenia Unity Users Group-ի հանդիպումը, որին մասնակցել է խաղերի պատրաստմամբ զբաղվող շուրջ 30 մասնագետ:
Unity-ն 2D եւ 3D հավելվածների եւ խաղերի ստեղծման ու մշակման համար նախատեսված գործիք է, որն աշխատում է Windows եւ OS X օպերացիոն համակարգերում: Այն թույլ է տալիս 24-ից ավելի հարթակների վրա շատ ավելի արագ 2D եւ 3D խաղեր պատրաստել՝ սկսած Samsung TV-ից մինչեւ համակարգիչ:
Armenia Unity Users Group-ի հիմնադիր Վարդան Մելիքսեթյանը Itel.am-ին պատմել է, որ նախաձեռնության հեղինակն ինքն է:
«Հաճախ էի ոլորտի մասնագետներից լսում, որ մեր երկրում խաղեր պատրաստողների միջեւ շփումները քիչ են: Պետք է հանդիպել, փոխանակվել փորձով, գիտելիքներով, գաղափարներով, քննարկել միմյանց աշխատանքը»,- ասել է Վարդան Մելիքսեթյանը:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել ոլորտի մի շարք փորձագետներ: Վարդան Մելիքսեթյանը պատմել է Unity-ի հայկական համայնքի եւ Համաշխարհային խաղերի ծրագրավորողների ասոցիացիայի, Arloopa ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արման Աթոյանը՝ վիրտուալ իրականության խաղերի մասին:
Mobit ընկերության ներկայացուցիչ Արտյոմ Աբգարյանն իր հերթին ներկայացրել է «Կենդանի այբուբեն» նախագիծը, իսկ Plexonic ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Գեւորգ Սարգսյանը խոսել է Gamedev with Unity եւ SALTR նախագծերի մասին:
Վարդան Մելիքսեթյանի խոսքով` առաջիկայում մտադիր են ավելի հաճախ նմանատիպ հանդիպումներ կազմակերպել: Նա տեղեկացրել է, որ հաջորդ ամիս եւս մեկ հանդիպում կկայանա: