15:06 | 01.07.15 | Նորություններ | 3687

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակելու է գլոբալ նորարարությունների շարքը

Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության 10-ամյակին նվիրված ասուլիսում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ առաջիկայում ընկերությունը շարունակելու է գլոբալ նորարարությունների շարքը Հայաստանում:

«Ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու ցանցի արդիականացմանը: Շուկայի միտումները փոխվում են: Եթե տարիներ առաջ բաժանորդը հետաքրքրված էր միայն ձայնային ծառայություններով, ապա այսօր առավել մեծ է հետաքրքրությունը տվյալների փոխանցման ծառայությունների նկատմամբ, ինչի պատճառով բաժանորդները հետզհետե ավելի քիչ են օգտագործում ձայնային ծառայությունները»,- արձանագրել է նա:

Ռալֆ Յիրիկյանը հիշել է, որ գործունեության ամենասկզբում ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնագետների պակասի խնդրին է առերեսվել:

«Երբ ընկերությունը նոր էր ստեղծվել, շատ դժվար էր գտնել համապատասխան մասնագետներ, քանի որ շուկան պատրաստ չէր: Երկու տարբերակ ունեինք՝ կամ մասնագետներ հրավիրել արտասահմանից, կամ վստահել նորավարտ հայ երիտասարդներին եւ համապատասխան ներդրում կատարել նրանց վերապատրատրաստելու ուղղությամբ: Ընտրեցինք երկրորդ տարբերակը, եւ ընկերությունը զրոյից սկսեց աճել ՝ երիտասարդների շնորհիվ»,- պատմել է նա:

Որպես մյուս հիմնական խնդիր՝ Ռալֆ Յիրիկյանն առանձնացրել է ցանցի կառուցումը, ինչը, նրա խոսքով, բավական բարդ էր ՝ կապված Հայաստանի աշխարհագրական դիրքի հետ:

Խոսելով սահմանամերձ տարածքներում կապի տեղաբաշխման մասին՝ նա նշել է, որ ընկերությունը ձգտում է սահմանային հատվածն ապահովել 100-տոկոսանոց ծածկույթով:

Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ սահմանի ուղիղ բաժանում կապի առումով հնարավոր չէ, քանի որ հարեւան երկրների օպերատորների ալիքները հաճախ ներթափանցում են սահմանից այս կողմ:

«Սահմանը ծածկույթով ապահովելն ամենասկզբից էլ ռազմավարական նպատակ էր, եւ մենք լուծեցինք այդ խնդիրը, նույնիսկ մի փոքր ավելի՝ ներթափանցեցինք հարեւան պետությունների տարածք: Սա կարեւոր է՝ հաշվի առնելով այն, որ սահմանից այն կողմ որոշ մոտակա տարածքներում հայեր են բնակվում, ովքեր ցանկանում են օգտվել հայկական օպերատորի ծառայություններից: Դա, իհարկե, որոշ բողոքներ առաջացրեց հարեւան երկրների հեռահաղորդակցության ոլորտի պատասխանատուների կողմից, սակայն մենք պատասխանեցինք, որ ծածկույթի առումով կնահանջենք այն բանից հետո, երբ իրենք եւս նահանջեն»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: