14:31 | 01.07.15 | Նորություններ | 4635

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 10 տարեկան է

Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ը նշում է իր գործունեության 10-ամյակը:

Այս առիթով հրավիրված ասուլիսում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է այն ցուցանիշները, որոնցով ընկերությունը համարվում է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը:

«Տասը տարիների ընթացքում մենք հաղթահարել ենք տնտեսական վայրիվերումների եւ մրցակցության մարտահրավերները: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեզ համար ավելին է, քան ընկերություն, այն մի ամբողջ կյանք է՝ լի տքնաջան աշխատանքով, հաղթանակներով ու մարտահրավերներով: Հաջողության մեր պատմությունը ուժ ու վստահություն է տալիս՝ շարունակելու մեր գործը հանուն մեկ ընդհանուր նպատակի, այն է՝ ապահովել բաժանորդների գուհունակությունն ու հասարակության բարօրությունը: Անցած 10 տարիների ընթացքում մենք դարձել ենք ավելի ճկուն, արդյունավետ, նպատակասլաց, պատասխանատու, թափանցիկ եւ առավել մոտ մեր բաժանորդին ու հասարակությանը: Շնորհակալություն վստահության համար, այն մեզ պարտավորեցնում է անել ավելին»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Շուկայում ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնաբաժինը կազմում է շուրջ 60%՝ ավելի քան 2 մլն բաժանորդով: Դրանցից 1.12 մլն-ը օգտվում է տվյալների փոխանցման ծառայություններից:

Հանրապետության ամբողջ տարածքում գործում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի 92 սպասարկման կենտրոն, որոնցից երկուսն աշխատում են շաբաթը յոթ օր՝ շուրջօրյա:

494 ռոումինգ գործընկերների միջոցով ընկերությունը ռոումինգ ծառայություններ է տրամադրում աշխարհի 196 երկրներում:

615 բնակավայրերում (այդ թվում՝ 48 քաղաքներում) մինչեւ 42.2 Մբիթ/վրկ արագություն ապահովող DC HSDPA –ի հասանելիությամբ 3.5G ցանցն ընկերության գլխավոր առավելություններից է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջատար է նաեւ բջջային ցանցի ծածկույթով: 3G ցանցը (ավելի քան 1175 բազային կայան) հասանելի է բնակչության 98.8%-ին, իսկ 2G ցանցի ծածկույթը կազմում է 99.8%: 

2009թ. ընկերությունը Հայաստանում առաջին անգամ գործարկել է ներբեռնման մինչեւ 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող 4G/LTE ցանցը: Ներկայում 4G ցանցը (շուրջ 250 բազային կայանով) հասանելի է բնակչության 45.7%-ին՝ ներառելով ՀՀ-ի 7 քաղաք:

Ընկերությունը 10 տարիների ընթացքում շուրջ 28.9 մլրդ դրամ է հատկացրել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության եւ հովանավորության ծրագրերի իրականացմանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապիտալ ներդրումները կազմում են ավելի քան 182 մլրդ դրամ: 2005-2015 թթ. շարժական կապից եւ հարակից գործունեությունից հասույթը կազմել է ավելի քան 675.4 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում վերջինս 188.2 մլրդ դրամի հարկ է վճարել պետբյուջե:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում աշխատում է շուրջ 1400 մարդ, որոնց միջին աշխատանքային տարիքը 34 տարեկան է: Ընկերությունը 66 մլրդ դրամ է հատկացրել աշխատավարձային ֆոնդին: