15:57 | 30.06.15 | Նորություններ | 3127
Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ Orange Հիմնադրամի «Լույս հայի աչքերին» համատեղ ծրագրի շրջանակում՝ հունիսի 2-ից Աչքի շարժական հիվանդանոցը սկսել է իր աշխատանքները Լոռու մարզում։
Աչքի շարժական հիվանդանոցը հունիսի 22-26-ը կայանել էր Ստեփանավան քաղաքում, որտեղ աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով այցելել են Orange Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժության նախագծի ղեկավարները:
««Լույս հայի աչքերին» նախագիծը, որն իրականացնում ենք մեր գործընկերների հետ համատեղ, մեր ամենատպավորիչ ծրագրերից է, քանի որ հնարավորություն է տալիս վերադարձնել մարդկանց տեսողությունը՝ շոշափելի կերպով բարելավելով նրանց կյանքը: Ծրագրից օգտվողների քանակը զգալի է, սակայն ցավոք, տեսողական խնդիրներ ունեցողների քանակը դեռեւս մեծ է, եւ ծրագիրը շարունակելու կարիք կա»,- ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Ներկայում Աչքի շարժական հիվանդանոցը Սպիտակ քաղաքում է, որտեղ կմնա մինչեւ հուլիսի 20-ը՝ այնուհետ ուղեւորվելով Շիրակի մարզ: Այն արդեն եղել է Ալավերդի եւ Վանաձոր քաղաքներում:
«Orange Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում Աչքի շարժական հիվանդանոցը նախորդ անգամ Լոռու մարզ այցելել էր 2013թ.։ Ուրախ եմ, որ այս համագործակցության արդյունքում հեռավոր մարզերի բնակիչներին հասանելի է դառնում ակնային ծառայություններ»,- նշել է Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Հայկական ակնաբուժության նախագիծն իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը սկսած 2003-ից։ Orange Հիմնադրամի հետ միասին ծրագիրն անցկացվում է 2011-ից, որի շրջանակում ակնային զննում է անցել ավելի քան 51 984 մեծահասակ եւ 15 051 երեխա: