17:01 | 29.06.15 | Նորություններ | 1518

Բանակում կհիմնվի կիբերանվտանգության կենտրոն

ՀՀ պաշտպանության նախարարության եւ «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարան»-ի («ԵրՄՄԳ») նախաձեռնությամբ կստեղծվի «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոն:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ կենտրոնի նպատակն է ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը եւ դրանց կիրառումը՝ առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում, համագործակցելով ոլորտի մասնավոր ընկերությունների եւ ուսումնական հաստատությունների հետ՝ ներգրավելով դրանց կենտրոնի կառավարման գործընթացում:

Ակնկալվում է, որ կենտրոնը կգործի 2015թ. 4-րդ եռամսյակից:

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի շրջանակում ձեւավորել է որակավորման հանձնաժողով` համակարգչային ծրագրավորողի մասնագիտությամբ ժամկետային պարտադիր զինծառայողների տեսական եւ գործնական գիտելիքները ստուգելու, ինչպես նաեւ 2015թ. ամառային զորակոչի ենթակա առավել պատրաստված թեկնածուներից մասնագիտական ընտրություն կատարելու նպատակով:

Մասնագիտական հատուկ հանձնաժողովը կազմված է ՀՀ ՊՆ ներկայացուցիչներից եւ ՏՏ ոլորտի ընկերությունների («ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ն, Synopsis, Unicomp, Ucom, T&S Dynamics, MIC-կենտրոն, Maysis) մասնագետներից:

Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են նաեւ զորակոչի ենթակա երիտասարդների գործատու ընկերությունների ներկայացուցիչներ (ՀՀ ԿԲ, Mentor Graphics, PicsArt, Synergy, BetConstruct, Rafa Solutions, OneMarketData, Antel, ISPRAS, X-Tech):