14:33 | 16.06.15 | Նորություններ | 1372

Հայտնի են «Նոր սերնդի դպրոց» մրցույթի հաղթողները

Կրթության ազգային ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «Նոր սերնդի դպրոց 2014-2015» մրցույթի ամփոփման եւ մրցանակաբաշխության արարողությունը:

Մրցույթը կազմակերպվել է Հայաստանի եւ Արցախի կրթության եւ գիտության նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության եւ Dasaran կրթական ծրագրի համատեղ ջանքերով:

«Նոր սերնդի դպրոց 2014-2015» մրցույթին մասնակցել են «Dasaran» կրթական ծրագրի ցանցին միացած բոլոր 1495 դպրոցները: Ընդ որում՝ հաշվի առնելով այն, որ 2014-ից կրթական ծրագրի ցանցին են միացել նաեւ Արցախի հանրակրթական դպրոցները, այս տարի առաջին անգամ արցախյան դպրոցները եւս ընդգրկվել են մրցույթի շրջանակում:

Հաղթող ճանաչվելու համար մասնակից դպրոցների ուսուցչական անձնակազմերը ուսումնական տարվա ընթացքում պետք է ամենաարդյունավետը վարեին էլեկտրոնային մատյանը` ժամանակին կատարելով գնահատականների, տնային հանձնարարությունների եւ բացակայությունների մուտքագրումները:

Այս տարի «Նոր սերնդի դպրոց 2014-2015» մրցույթին մասնակցած հայաստանյան եւ արցախյան դպրոցներից լավագույն արդյունքն էր գրանցել եւ հաղթող ճանաչվել ընդհանուր առմամբ 7 դպրոց՝ 6-ը հայաստանյան եւ 1-ն արցախյան՝

ՀՀ, Հրազդանի թիվ 11 միջնակարգ դպրոց
ՀՀ, Բյուրեղավանի հիմնական դպրոց
ՀՀ, Զորավանի միջնակարգ դպրոց
ՀՀ, Հայրավանքի միջնակարգ դպրոց
ՀՀ, Շամբի միջնակարգ դպրոց
ՀՀ, Ձորագետի հիմնական դպրոց
ԼՂՀ, Դաշուշենի հիմնական դպրոց

Հաղթող ճանաչված դպրոցները «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության եւ Dasaran կրթական ծրագրի կողմից ստացել են համակարգիչներ, գրադարաններ եւ պատվոգրեր: