10:03 | 16.06.15 | Նորություններ | exclusive 5357

CityBugs ստարտափը՝ World Summit Youth Award-ի հաղթող

Հայկական CityBugs ստարտափը հաղթել է միջազգային հեղինակավոր The World Summit Youth Award-ում (WSYA), որն այս տարի անցկացվում է հունիսի 15-17-ը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում:

CityBugs-ը հաղթող է ճանաչվել «Ստեղծիր քո մշակույթը» անվանակարգում:

Ստարտափի համահիմնադիր Հովհաննես Աղաջանյանը, որն այս օրերին Սան Պաուլոյում է, Itel.am-ին տեղեկացրել է, որ մրցույթին մասնակցել է 140 երկրից ավելի քան 2000 նախագիծ, որոնցից հաղթել է 18-ը:

Միջազգային մրցույթը համախմբում է տեխնոլոգիական ոլորտի մինչեւ 30 տարեկան ինտերնետ եւ մոբայլ տեխնոլոգիաներ օգտագործող մասնագետներին եւ ձեռնարկատերերին, որոնց նախագծերը միտված են «հանրային օգուտի» ստացմանը (Social Good):

Հովհաննես Աղաջանյանը The World Summit Youth Award-ը համարում է նոր կապերի ստեղծման եւ CityBugs-ի հետագա սոցիալական ազդեցության տարածման լավ հնարավորություն:

2012թ. ստեղծված CityBugs-ը սոցիալական հարթակ է՝ ստեղծված տարբեր քաղաքներում առկա խնդիրները բարձրաձայնելու նպատակով: Համակարգի գրանցված օգտատերերը կարող են հայտնել, թե ինչ խնդիրներ կան իրենց քաղաքի այս կամ այն հատվածում:

Ներկայում նախագիծը գործում է Հայաստանի մի շարք քաղաքներում, որոնց առաջիկայում կմիանան կանադական Տորոնտոն եւ բրազիլական Սան Պաուլոն: Քաղաքները կգործեն e-volunteering ընդհանուր ռազմավարությամբ, որի հիմքում կլինի նոր տեխնոլոգիաներ եւ սոցիալական ցանցեր օգտագործող թվային հասարակությունը:

Հովհաննես Աղաջանյանի խոսքով՝ մինչ այս պահը հարթակում բարձրաձայնվել է 501 խնդրի մասին, որոնցից 199-ը լուծում է ստացել: Որոշ խնդիրներ գտնվում են լուծման ընթացքում։

CityBugs նախագիծը ստեղծվել X-TECH ընկերության կողմից: Այն հասանելի է նաեւ AppStore-ում եւ Google Play-ում:

Նարինե Դանեղյան